Էջ:Muratsan, vol. 4.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՒՅՐ ՎՐԻԺԱՌՈՒՆ

Արևը մայր մտնելու վրա էր։ Երկու հեծյալներ արշավասույր անցնում էին Գանձակու դաշտից։ Նրանցից մինը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր, ծածկած պղնձե թեթև սաղավարտ և զինված արծաթապատ սրով ու փոքրիկ, փայլուն վահանակով, մյուսը` զրահազգեստ, պողպատե գլխանոցով, ծանր ասպարով, վաղակավորն ազդրին և երկար նիզակը ձեռին` հաղթանդամ մի երիտասարդ։ Տարիքավոր տղամարդը, որ ըստ երևույթին իշխան էր, ընթանում էր առաջից, իսկ երիտասարդը, որ նրա թիկնապահն էր, հետևում էր նրան։ Երկուսի ձիաներն էլ սաստիկ քրտնած էին և փրփուրով ծածկված։ Երևում էր, որ նրանք երկար ճանապարհի էին կտրել։

Երբ հեծյալներն ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանա ձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց.

-Ե՛զնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած. ես չեմ կամենում, որ բերդապահներն աղմուկ հանեն դռները բանալու պատճառով։

-Ինչի՞ց ես քաշվում, տեր,-հարցրեց թիկնապահը։

-Չեմ կամենում, որ մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա. մտադիր եմ ներկայանալ նրան իբրև մի անծանոթ։

-Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք չի ճանաչում քեզ։

-Կարծեմ` ոչ ոք։ Ութ տարուց ավելի է ինչ ես Գարդման չեմ մտել։ Նույնիսկ թագավորի հարսանիքին չկարողացա ներկա լինել։ Ո՞վ կարող է ուրեմն ինձ հիշել։ Իշխանի տան հին ծառայողներից մեկը Սեդան է, որ մեզ մոտ Գառնիումն է։ Ինձ կճանաչեր իշխանուհին, բայց նա էլ կենդանի չէ։ Իշխանի Դավիթ որդին Ամրամի բանակումն է, մնում է ինքը իշխանը և յուր Գրիգոր որդին։ Իսկ նրանք երկուսն էլ կույր են, հետևապես չեն կարող ճանաչել ինձ, եթե ես ո՛վ լինելս ծածկեմ նրանցից:

- Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում։

- Ինչո՞ւ,-հարցրեց իշխանը։