Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ, որովհետև իրանց այդպես էր հրամայված։

Իշխանի նպատակն էլ այդ էր։ նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալն իսկապես միացա՞ծ է ապստամբների հետ, թե՞ ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին։

Պահապաններն առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը։ Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով` նա սկսավ բարձրանալ քարյա նեղ և օձապտույտ սանդուղքներով։ Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և խնդրեց իշխանին, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա մտնե ներս։

Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զինվորին յուր սուրն ու վահանակը, մտավ բերդակալի մոտ։ Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ, կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած` սպասում էր յուր խորհրդավոր հյուրին։

Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց.

-Գևորգ իշխան, այս դո՞ւ ես, ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված։-Այս ասելով, նա գրկախառնվեցավ իշխան Մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ։

Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալն ապստամբների հետ չէ, ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ, և խնդրեց, որ հեռացնե նրան։

-Ո՞վ կա այդտեղ,-գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով։

-Ես եմ, տեր,-պատասխանեց պահապանը և ներս մտավ։

-Դի՛ր այստեղ իշխանի սուրն ու վահանակը և իջի՛ր