զայրացած պատասխանեց պահապանը.-մի՞թե թագավորը չգիտեի որ Գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում։-Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց։
Իշխանը մնաց շվարած։ Նա չէր սպասում, որ գարդմանացինք միաբանած լինեին ուտիացիների հետ։ Թեպետ հաստատ գիտեր, որ Ցլիկ-Ամրամի ապստամբության գործում խառն է նաև Սահակ Սևադան, մանավանդ որ նրա Դավիթ որդին հայտնի կերպով միացած էր Ամրամի հետ, այսուամենայնիվ հույս ուներ, որ Գարդմանա ամրոցի բերդակալը, որ կարգված էր թագավորից, չի դավաճանիլ յուր տիրոջը, որովհետև նրա բազմամյա հավատարիմներից մինն էր։ Բայց երբ պահապանի պատասխանը լսեց, համոզվեցավ, որ բոլոր երկիրն ուրեմն Ամրամի հետ է։
«Ինչ անել այժմ»,-մտածեց ինքն իրան իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել։ Նա կրկին մուրճը առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին։
-Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել,-հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով` ավելացրեց,-ցանկանո՞ւմ ես որ մի փքին ուղղեմ կրծքիդ։
-Հիմա՛ր, քեզ փորձում էի. քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել։
-Ո՞վ ես դու ուրեմն,-հարցրեց պահապանը ձայնը մեղմացնելով։
-Ամրամ իշխանի համհարզը։ Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել։
-Իսկ եթե սուտ լինի այդ։
-Տխմար. ձեր բերդն ուրեմն մի զորակա՞ն էլ կարող է առնել, ինչի՞ց ես վախենում։
-Սպասի՛ր, պետք է բերդակալից հրաման առնենք,-այս ասելով պահապանը հեռացավ։
Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառված ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկա՞ն դռան առաջ, և երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին։