Էջ:Muratsan, vol. 5.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջկունք, կայտառ տղաներ, և որոնց, գուցե, շուտով պիտի վիճակվեր կորցնել այդ սիրելիներից մի քանիսին, կորցնել հոգվով ու մարմնով... ի՞նչ պիտի լիներ այնուհետև այդ ծնողների վիճակը, ինչո՞վ կարելի էր մխիթարել նրանց: Մեռնողի համար սովորական էր ասել թե՝ «գնաց հավիտենական կյանքը ժառանգելու», իսկ այդպիսիների համար ի՞նչ կարելի էր ասել: — Ահա այս մասին էր մտածում տեր-Անդրեասը։

Խուցի դուռը հուշիկ բացվեցավ և կիսամութի մեջ երևաց մի նորատի կնոջ պատկեր։ Դա Վարդենի տիրուհին էր։ Մի վայրկյան նա մնաց լուռ և նայում էր քահանայի մտազբաղ պարապմունքին։ Ապա նուրբ, ախորժալուր ձայնով հարցրեց.

— Դեռ երկա՞ր պիտի պարապես։

Երեցը գլուխը բարձրացրեց և նայելով նորատի կնոջը՝ քաղցր ժպտաց։ Այդ ժպիտը նման էր արևի այն շողերին, որոնք ձմեռվա սառնամանիքի ժամանակ, թանձր ամպերը ճեղքելով՝ լուսավորում են մռայլ ժայռի դեմքը մի քանի վայրկյան։ Սիրուն կնոջ ձայնն ու ներկայությունը ցրեցին արդարև երիտասարդ քահանայի թախիծը, բայց այդ՝ քիչ միջոցի համար միայն։ Որովհետև, հենց որ սիրելի պատկերը հեռանար, նա դարձյալ պիտի խորասուզվեր յուր տխրության մեջ։

— Շատ գործ չէ մնում,— ասաց քահանան,— եթե ընթրիքը պատրաստ է, ես իսկույն կգամ։

— Մի՛ շտապիր, վերջացրու, մենք կարող ենք սպասել,— ասաց նորատի կինը քնքշությամբ և մոտենալով քահանային՝ սկսավ դիտել նրա աշխատանքը։

Ճրագի լույսը ընկավ տիկնոջ վրա և երևան հանեց նրա պատկերի բոլոր գեղեցկությունը։ Դա հազիվ տասնևութը անցրած, նրբակազմ ու գեղահասակ մի կին էր: Ագուլեցվոց հին տարազը, որով նա հագնված էր, քիչ բան էր պակասեցնում նրա գեղեցկությունից։ Չնայելով որ նրա գլուխը ծրարում էին զանազան պաստառներ և գույնզգույն շղարշներ, ճակատի վրա ծանրանում մի քանի կարգ ոսկեգրամ և պարանոցը պատում արծաթյա ծանր ճարմանդներ, այսուամենայնիվ, դեմքի այն բաժինը, որ ազատ էր ոսկեկար ճակտակապից, արծաթեզր երեսնոցից և սպիտակ քիթկալից, ամփոփում էր յուր մեջ նրա գեղեցկության էական մասերը.— նուրբ,