Էջ:Muratsan, vol. 5.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարակապ հոնքերի տակ շողում էին նրա սևորակ աչերը՝ իբրև զույգ հրավառ աստղեր, կյանքով ու կրակով լի և կարող՝ գրավելու ամենաանտարբեր սրտերը։ քնքուշ այտերի վրա տակավին շիկնում էր վարդը, որ նշան էր նրա հոգեկան ու մարմնական քաջողջության. իսկ նռան կարմիր շուրթերից կաթում էր շնորհք ու ժպիտ` հայտարար նրա պարկեշտության։ Նա հագած էր կերպասե երկար շապիկ, որ իջնում էր մինչև ոտքերը, ապա կարճ բաճկոնակ՝ անջատ փեշերով և կոճկած թևերով. նույնանման մինթան, որ կարած էր թավշից և ուներ երկար ու կախ թևեր՝ եզերված արծաթյա բազմաթիվ կոճակներով։ Այդ ամենի վրայից՝ նրա փափուկ իրանը սեղմում էր արծաթյա ծակոտկեն կամար, որ առհասարակ կապում էին երիտասարդուհիները, ըստ որում ավելի տարիքով կանայք դրա փոխարեն գործ էին ածում երկար, ասվյա գոտի։

Տիրուհին լուռ և ժպտադեմ կանգ առավ ամուսնու առաջ, որ ծալապատիկ նստած էր օթոցի վրա և դեպի փոքրիկ սեղանակը կորացած՝ մերթ գրում և մերթ թերթում էր ցուցակները։

Շուտով երեցը ավարտեց գործը և վեր կացավ տեղից։

— Ի՞նչ ժողով էր դպրոցատանը, ինչո՞ւ էր խոջա-Անձրևը եկել,— հարցրեց տիրուհին, երբ երեցը կամեցավ ընկերանալ իրեն։

— Ոչինչ... շահը պիտի գա Ագուլիս. խոսում էինք թե՝ ի՛նչ ընդունելություն պատրաստենք նրա համար։

— Այդքա՞ն միայն։

— Այո, ուրիշ էլ ի՞նչ պիտի լիներ։

— Ի՞նչ գիտեմ. չէ՞ որ ամեն օր մի տխուր նորություն է հայտնվում։

— Չէ, ուրիշ նորություն չկա,— ապահովեցրեց տիրուհուն երեցը, չկամենալով անհանգստացնել նրա քնքուշ սիրտը։

— Երևի շահի հետ այն հրեշն էլ կգա, այնպես չէ՞,— հարցրեց տիրուհին երկյուղով։

—Ո՞ր հրեշը։

— Շահռուխ-բեկը։