Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրությունն ավարտելով՝ ուսուցիչ կարգվեցավ Ագուլյաց դպրոցում, այդ ժամանակ Շահռոլխ-բեկը, որ բնիկ ագուլեցի էր. վերակացու էր նշանակված հայրենի գյուղաքաղաքի վրա: Իբրև զտարյուն պարսիկ, նա ոչ միայն շահամոլ, այլև վավաշոտ մարդ էր. այդ պատճառով և կեղեքում էր տեղացի հայերին ոչ միայն նյութապես, այլև բարոյապես: Վերջին տեսակի ամբարշտությունը նա երբեմն հասցնում էր մինչև այնտեղ, որ հափշտակում էր հայոց ընտանիքներից գեղեցկուհիներ, պատճառ բերելով թե՝ հրաման ունի Սպահանից կանայք հայթայթելու շահի հարեմի համար։ Այդ հափշտակությունները թեպետ միշտ չէին հաջողվում, որովհետև զորավոր պաշտպան ունեցողները դիմադրում էին նրան, բայց և այնպես շատ անպաշտպաններ էլ զոհ էին դառնում հրեշ վերակացուի կրքերին։

Ահա այսպիսի մի դեպքի առթիվ էր որ Անդրեասը ընդհարումն ունեցավ Շահռուխի հետ մի քանի տարի առաջ։

Հազիվ մի երկու ամիս էր ինչ երիտասարդ սարկավագը Ագուլիս գալով՝ ստանձնել էր ուսուցչական պաշտոնը։ Մի օր նա դիպվածով տեսավ Խցաձորի եկեղեցու հանդեպ ապրող մի այրիի աղջկան, որ պարտիզում նստած ասեղնագործում էր։ Դա մի նորատի և չքնաղ գեղեցկուհի էր, որ առաջին վայրկյանից իսկ երիտասարդի ուշադրությունը գրավեց։ Նուրբ շղարշի տակից գողունի նայող նրա աչքերը, որոնք փայլում էին հեռվից ինչպես զույգ աստղեր, տղայի սիրտը, կարծես, շղթայեցին ցանկապատի վրա։ Երիտասարդը որքան էլ պարկեշտ ու սրբասուն, այսուամենայնիվ անկարող եղավ իրեն ուղղված հրեշտակային հայացքը ձգել ու անցնել։ Չէ՞ որ բնությունը ունի գաղտնի ուժեր, որոնք հաղթահարում են հաճախ մարդկային օրինաց խստությունները։ Սարկավագը կանգ առավ այդտեղ մի քանի վայրկյան և սկսավ դիտել այդ հազիվ տասնևհինգ գարուն անցուցած գեղեցկուհուն։ Եվ ահա այդ վայրկյաններն էլ բավական եղան որ սիրո թաքուն հուրը բոցավառվեր նրա սրտում։ Երբ երիտասարդը հեռացավ ցանկապատից, սիրո նետն արդեն մեխվել էր տղի սրտում: