Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև սարկավագը հաճախ անցնում էր պարտիզի մոտով՝ որպեսզի հեռվից գոնե տեսնե գեղանի դրացուհուն, որ յուր հոգեկան աշխարհի մեջ այնպիսի մի անծանոթ, բայց կարի հաճոյական հեղաշրջումն էր առաջ բերել։ Մանկամարգ աղջիկը նույնպես անտարբեր չէր. նա ավելի վաղ էր գրավվել գեղեցիկ երիտասարդով։ Բայց այդ հանգամանքը անհայտ էր Անդրեասին, ինչպես և այրի մորը, որ անքուն աչքերով հսկում էր յուր աղջկա վրա և հավատացած էր թե՝ նրա սիրտը երբեք չի գրավվիլ առանց յուր հրամանին...։

Մի օր, երբ սարկավագը, ըստ սովորականին, անցնում էր դրացու տան մոտով, տեսավ որ նրա բակում կանգնած են զրահավորված ֆարրաշներ։ Իսկույն մի կասկած պաշարեց նրա սիրտը և նա շտապով տան բակը մտավ՝ իմանալու համար թե՝ ի՞նչ ունին դրանք այդտեղ։

Հազիվ երիտասարդը հասավ զինվորներին և ահա տան միջից լսեց կանացի ճիչ ու աղաղակ: Առանց այլևս ֆարրաշների վրա ուշ դարձնելու, նա վազելով ներս ընկավ տուն։

Որքա՞ն մեծ եղավ երիտասարդի զարմանքն ու սարսափը, երբ նա տեսավ այդտեղ Շահռուխ-բեկին, որ երկու ֆարրաշների հետ միասին այրիի տունը մտած՝ կամենում էր նրա գեղանի դուստրը հափշտակել։

Սենյակի մի անկյունում օրիորդը կծկված՝ դողդողում էր երկյուղից։ Նրա վարդ գույնը թռել և շրթունքները դալկացել էին։ Գեղանի աչքերը, որոնք յուր սրտի խաղաղ ժամանակ կրակ էին ցայտում, այժմ մթագնել, սառել էին. նրա հայացքն արտահայտում էր անհուն սարսափ։ Իսկ խեղճ մայրը ձեռքերն աջ ու ձախ պարզելով, շարունակ ճչալով և օգնություն գոչելով՝ պաշտպանում էր աղջկան՝ ինչպես մի անզոր բազե, որ թևատարած ու սպառնալից աչքերով պատսպարում էր յուր ձագը դաժան արծվի մագիլներից...

− Ի՞նչ է պատահել այստեղ,— գոչեց սարկավագը, որ յուր առաջ բացված տեսարանից ամեն ինչ գուշակել էր։

− Ամա՜ն, վարժապետ, աղջիկս ազատիր... Վարդենիս փրկիր,— աղիողորմ ձայնով գոչեց այրին ձեռքերը դեպի սարկավագը տարածելով։