— Ի՞նչ են կամենում սրանք ձեզանից,— հարցրեց երիտասարդը, ապա սպառնալից աչքերը չորս կողմը հածելով:
— Վարդենիս... Վարդենիս կամենում են խլել,— մրմնջաց այրին։
— Ոչ ոք չի համարձակվիլ,— գոչեց երիտասարդը այնպիսի մի ձայնով, որ արտահայտում էր թե՜ զայրույթ և թե՜ կատաղություն. ապա դառնալով Շահռուխ–բեկին, որ նայում էր իրեն վայրենի հայացքով, հարցրեց.— ի՞նչ ես կամենում այս կնոջից, բեկ:
— Քեզ ի՞նչ, ո՞վ ես դու. ի՞նչպես ես համարձակվում մտնել այստեղ և խառնվել տերունական գործերին,— գոռաց բեկը զայրագին։
— Տերության անունը մի՜ հիշիր. դրանով չես վախեցնիլ ինձ. այլ ասա ուղղակի՝ ի՞նչ պահանջ ունիս այս կնոջից։
— Դուրս հանեցեք այդ թշվառականին,— գոռաց բեկը դեպի ֆարրաշները։
Նրանք մոտեցան սարկավագին։
Վերջինս, որ մտել էր այնտեղ բոլորվին անզեն, նայեց յուր շուրջը՝ տեսնելու համար թե՝ ի՞նչ կարող է ձեռք ձգել իրեն պաշտպանելու համար։ Սենյակում ոչինչ չկար։ Միայն նրա մի անկյունում կանգնած էր փոքրիկ ոստայն, որի վրա գտնվում էր կիսագործ գորգ։ Երիտասարդը վազեց դեպի ոստայնը և անսպասելի մի ուժով, որ կարծես այդ րոպեին ստացավ, խլեց ոստայնի սեպերը և ամրացած ձողը հանելով և նրանով զինված՝ ահավոր ձայնով որոտաց.
— Օ՜ն ուրեմն, մոտեցեք ձեր ուժը փորձելու համար։
Ֆարրաշները սրերը մերկացնելով՝ դիմեցին դեպի երիտասարդը:
Սարկավագը, որ Սյունյաց անապատում հոգևոր զինվորության վարժվելով հանդերձ՝ չէր մոռացել նաև մարմնական զենքով կռվելու արհեստը, այդ վայրկենին այնպիսի մի զորություն ստացավ, որ նրան թվաց թե՝ չի պիտի հաղթահարվի՝ եթե ֆարրաշների հետ միասին դրսի զինվորներն էլ հարձակվեն յուր դեմ: Այն միտքը, թե սիրած աղջկա ազատության