Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես էլ եղավ։ Օսմանցիք խույս տվին Շահաբասի երեսից: Վերջինս այնուհետև պիտի վերադառնար Պարսկաստան։ Բայց որովհետև, ինչպես պատմությանս առաջին գլխում ասացինք, նա յուր երկիրը դառնալուց առաջ կամենում էր, ըստ սովորության, մի երկու շաբաթ անցընել բարելից Նախիջևանում, ուստի Ամիրգյունե խանը հարկ եղած կարգադրություններն արավ, որպեսզի հայերը արժանավոր ընդունելություն անեն շահին:

Սակայն Շահռուխ–բեկը փոխեց թագավորի միտքը։

— Հայոց իսկական գանձերն ամբարված են Ագուլիսում,— ասաց նա շահին. այդ գյուղաքաղաքը, որ կարավանի ճանապարհից հեռու գտնվելով՝ ծածկված է լեռնաձորում, ծառայում է հայերին իբր թաքստյան անկյուն։ Այդտեղ են ապրում թե՛ հարուստ խոջաները, որոնց տները լիքն են ոսկով ու արծաթով և թե՛ հայոց գեղեցիկները, որոնք էրմենիստանի փառքն են համարվում ։ Եթե շահը հաճի յուր հանգստյան օրերը անցընել այդ քաղաքում, նա կտեսնե թե՝ որքան բարիքներ կան այդ խորշում ծածկված և թե հայերը, որոնք, իբր թե միշտ արժանավոր ընծաներով են դիմավորում արեգակնափայլ շահին, դեռ որքան շատ բան են թաքցնում նրա հզոր աչքերից:

Այսքանը բավական էր որ ագահ և ցանկասեր շահի հետաքրքրությունը գրգռվեր։ Նա հրաման արավ իսկույն օթևան պատրաստել յուր համար Ագուլիսում։ Եվ Ամիրգյունեն, ինչպես հիշեցինք, սուրհանդակներ ուղարկեց Սիսականի ամեն կողմերը՝ Շահի այդ նոր հրամանը հայոց երևելիներին հայտնելու համար։

Այժմ դառնանք մեր պատմությանը։

Ը

Օրը տարաժամել էր, երբ տեր–Անդրեասը յուր այցելություններն ավարտելով վերադարձավ տուն։ Նա ամբողջ օրը ոտքով շրջել էր Ագուլիսի ու Դաշտի բոլոր թաղերը և այցելել