Էջ:Muratsan, vol. 5.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ընտանիքներին, որոնց անունները մի օր առաջ նշանակել էր յուր ցուցակում։ Հայտնելով ամենքին շահի դիտավորությունը, նա պատվիրել էր նրանց հեռացնել անմիջապես գեղեցիկ երեխաներին, հարսնացու աղջկերանց և թաքցնել հարևան գյուղերում կամ այնպիսի տեղեր, ուր շահի հետամուտների աչքը չկարողանա թափանցել:

Թեպետ սաստիկ ցուրտն ու Ագուլյաց ձորի քամին իրենց ազդեցությունն արել էին երիտասարդ քահանայի վրա՝ սառեցնելով նրա մարմինն և ոտքերր ընդարմացնելով, այսուամենայնիվ, տեր-հայրը տուն մտավ ուրախ սրտով և ժպիտը երեսին։ Այն միտքը՝ թե նա հաջողել է արդեն վտանգի առաջն առնել և այդպիսով հարյուրավոր մանուկներ անխուսափելի կորստից ազատել` նրա հոգին լցրել էր անպատում ցնծությամբ։ Նա շտապեց այդ ուրախությանը մասնակից անել նաև յուր ընտանիքին։ Նստելով կրակարանի առաջ, ուր մանկամարդ տիրուհին մեծ կրակ էր բորբոքել, տեր-հայրն սկսավ պատմել այդ ավուր մեջ կատարած յուր գործերի մանրամասնությունը, այն է` թվել այն ընտանիքները, որոնց այցելել էր, կրկնել այն զրույցները, որ ունեցել էր ծնողների հետ, կամ այն խորհուրդները, որ տվել էր նրանց։ Նա նկարագրում էր թե՝ ինչ սարսափ էր պատել ագուլեցիներին՝ «մանկաժողովի» մասին տարածած լուրը լսելուց հետ և թե ինքը ի'նչ ուրախություն էր պատճառում հուսահատ ծնողներին` վտանգի առաջն առնելու ճանապարհը սովորեցնելով նրանց։

Երիտասարդ քահանայի ծնողները, որոնք հասարակաց բախտով նույնչափ էին հետաքրքրվում, որչափ և իրենց որդին, ուրախանում էին նրա խելոք կարգադրությունները լսելով և առ այդ հայտնում էին իրենց գոհունակությունը։ Իսկ Վարդենի տիրուհին, որ ժամանակի սովորության համաձայն անխոս էր սկեսրայրից և, հետևապես, չէր մասնակցում խոսակցության, շատանում էր միայն յուր սրտում հրճվելով` որ ամուսնու արիության շնորհիվ սպառնացող վտանգը վերանում էր արդեն։ Սակայն զրույցի վերջում,նա