— Մի՛ զայրանար, հայր սուրբ, ապացույցը մեր առջևն է։ Կաթողիկոսի գիրը ես երեկ երեկո կարդացի, իսկ դու այսօր առավոտ. զանազանությունը մի գիշեր է, որի ժամանակ քնած ենք եղել ամենքս։ Բայց այս մի օրվա ընթացքում՝ ես ինձ վերաբերյալ գործի մեծ մասն ավարտեցի, մինչ դու դեռ նոր ատյան ես գումարում ինձ դատելու համար։ Ինչպե՞ս արդյոք չհավատամ թե՝ իմ դատի գործն ավելի է քո ուշը գրավում, քան Շահաբասի աղետաբեր գալուստը։
Առաջնորդը տեսավ որ երիտասարդ երեցը ոչ միայն չէ հաղթահարվում, այլև հետզհետե ավելի է նշավակում իրեն, ուստի շտապեց վերջ տալ պայքարին և, միևնույն ժամանակ, դատապարտել նրան անգործության։
— Տեր-Անդրեաս, քո նախկին համեստությունից շատ ես հեռացել,— ասաց նա քահանային, բայց այդ մասին այլևս չեմ կամենում խոսել։ Դու միայն ասա թե՝ ի՞նչ ես արել այսօր. գուցե գործել ես մի որևէ սխալ. այդ ես պիտի իմանամ, որպեսզի քանի ուշ չէ՝ շտապեմ ուղղել, որովհետև ինձ վրա մեծ պատասխանատվություն կա դրված։
— Սխա՞լ. չեմ կարծում։ Ես միայն այցելել եմ Ագուլիսի ու Դաշտի բոլոր ընտանիքներին և կարգադրել որ հեռացնեն անմիջապես հարսնացու աղջկերանց, գեղեցիկ պատանիներին և, առհասարակ, այն երեխաներին, որոնք կարող են պիտանի համարվել հարեմական ծառայությանց համար։
— Եվ այժմ, ուրեմն, Ագուլիսում տեսքով տղաներ չկա՞ն:
— Մնում են մի քանի տասնյակ իմ աշակերտների մեջ, նրանց էլ վազը պիտի տանեմ Ցղնա։
— Տեսնո՞ւմ ես, տեր-Անդրեաս, ի՛նչ մեծ չարիք ես հասցրել մեզ.— բացականչեց առաջնորդը՝ աչքերը մեծ բանալով և, կարծես, ուրախանալով։
— Չարի՞ք...— զարմացած հարցրեց երեցը։
— Այո, չարիք, քո հապճեպ ու անխորհուրդ վարմունքով վտանգի մեջ ես դրել մեզ... ահա թե ինչո՛ւ էի զայրանում քո հանձնապաստանության վրա։
— Բայց ի՞նչ չարիք եմ հասցրել: