Էջ:Muratsan, vol. 5.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«չնչինները» ապացուցում էին այն՝ թե որպիսի մոլեռանդությամբ էին տոգորում նրանք իրենց հետևողներին։ Ապա թե ոչ՝ նշանավոր դեպքերը, կամ կշիռ ունեցող խնդիրներն երբեք չէին վրիպում նրանց ուշադրությունից։ Եվ եթե այդպես չլիներ, Սյունյաց նահանգի նշանավոր գավառները— Նախճվանը, Զահուկը, Երնջակը նրանց ձեռքը չէին անցնիլ, ամեն տեղ և ամեն անկյունում ունիթորների ցանցերը չէին լարվիլ և հայադավաններին հարյուրներով չէին որսալ։ Մխիթար Աբարանցու և Հովհաննես Քռեցու արժանավոր հաջորդները, Հռովմից տրված հրահանգների համեմատ, անընդհատ գործում, հայ եկեղեցվո հիմունքը փորում և ազգի ամբողջությունը քայքայում էին, որպեսզի արևելքում հայոց անկախ եկեղեցին կործանելով՝ նրա ավերակների վրա Հռովմա անազգ ու անհայրենիք եկեղեցին հաստատեն։

Ահա այս մոլեռանդ գործիչներից մինն էր Մատթեոս Երազմոսը, որ պապից կարգված էր հայ-ունիթորների առաջնորդ, նույնիսկ վերջինների կամքին հակառակ։ Զի սրանք իրենց կողմից մեկին ընտրելով՝ ուղարկել էին Հռովմ ձեռնադրվելու, բայց Պապը ավելի շահավոր էր համարել մերժել այդ ընտրությունը և Նախճվանի Աթոռը հանձնել պրոպագանդայի արբանյակներից մեկին, որ հարկավ, ավելի հավատարիմ պիտի լիներ իրեն, քան Ժողովրդի վրա առաջարկածը։

Հայր Երազմոսը հասնելով Սյունիք, արդարև, գործել սկսավ եռանդով։ Բայց ի մեծ ցավ յուր առաքողի, չէր կարողանում առատորեն որսալ։ Որովհետև այդ ժամանակ Սյունյաց անապատի առաքյալները արդեն ցրված էին հայ գավառների մեջ և գործում էին մեծ հաջողությամբ, մրցելով, մանավանդ, պապականների դեմ։

Հայր Երազմոսը, որ, առհասարակ, չէր սիրում ընդհարվիլ Հարանց անապատի հոգևոր զինվորների հետ, վասնզի նրանցից ամենաթույլն անգամ մարտնչում էր յուր դեմ աննահանջ կերպով, այսուամենայնիվ, շատ տեղերում ստիպված էր լինում գործ ունենալ դրանց հետ, ըստ որոմ վերջինները հետևում էին ունիթորներին քայլ առ քայլ և արգելում նրանց գործել ազատորեն։ Նույնիսկ այդ օրը գերապայծառ