կարգապետը հաճել էր պատվել յուր այցելությամբ հայոց եկեղեցու հասարակ սպասավորին՝ դմանօրինակ մի արգելք բառնալու հույսով:
Մինչդեռ աննշան հայ վարդապետը՝ առաջնորդական պաշտոնի տեր լինելու պատճառով՝ ոչ միայն գոռոզանում ու բարձրից էր նայում տեր-Անդրեասի վրա, այլև, նրա արժանիքն ու оգտակարությունը ուրանալով՝ աշխատում էր ճնշել նրան և ստորացնել, զոհելով յուր կրքին նույնիսկ հասարակաց շահը, հայր Մատթեոս գերապայծառն, ընդհակառակն, արքեպիսկոպոս և ունիթորների կարգապետ լինելով հանդերձ, չէր քաշվում խոնարհել ու անձամբ մտնել այդ երեցի տունը, պատվել նրան յուր այցելությամբ, որպեսզի դրանով կարողանա հասնել՝ ոչ թե իրեն՝ այլ պապական աթոռին շահ բերող մի որևէ նպատակի։
Հայ վարդապետը մեծն ու օգտակարը զոհում էր փոքրին, ոչնչության, հասարակաց շահը ստորագրում էր անձնականին. մինչդեռ կաթոլիկ արքեպիսկոպոսը գործում էր հակառակը. նա յուր անձը ուրանում, յուր պատվասիրությունը ճնշում էր միայն ևեթ յուր եկեղեցու կամ պետի շահը խնամելու համար։ Այսպիսի համեմատական առավելության շնորհիվ, հարկավ, կաթոլիկ կղերը պիտի տիրապետեր, իսկ հայ եկեղեցին՝ հետզհետև ընկճվեր։ Բայց իրոք, այդպես չեղավ. սյունյաց արգավանդ հողի մեջ կաթոլիկական ծառը հաստատուն արմատ չբռնեց.— որովհետև Հարանց անապատից ելնող մշակները շարունակ փորում, չորացնում էին ծառի արմատները. որովհետև ժամանակի անիշխանության ստեղծած ապականությունից դուրս, հայ եկեղեցին դեռ ուներ անձնվեր մարդիկ, որոնք թեև փոքրաթիվ, բայց և այնպես գործում էին եռանդով և մրցում քաջաբար։
Հայր Մատթեոս Երազմոսը եկել էր այսօր նվաճելու հենց այդ գործող ու մրցող քաջերից մինին։
— Անշուշտ չես զարմանում, որ Ագուլիս մտնելուցս ի վեր թեղ այցելում եմ երկրորդ անգամ,— ասաց հայր-Երազմոսը երեցին՝ սովորական ողջույնը նրան տալուց հետո։