Էջ:Muratsan, vol. 5.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որովհետև դեռ չգիտեի թե կհաջողի՞ մեզ այդ բարի գործը կատարել... կամ թե դուք կօգնե՞ք մեզ այդ բանում։

— Ի՞նչպես թե կօգնենք... մի՞թե մենք մեր ժողովրդի թշնամին ենք։

— Ի՞նչ մեղքս ծածկեմ, տարակուսում էի, մանավանդ որ ձեր կաթողիկոսը, երևի տանջանքներ կրելուց անզգայացած, չէր կարողացել հայր Չիտտագինիի տված խորհուրդների իմաստը ըմբռնել և հետևապես, օգտվել նրանցից։ Բայց ես եկա այստեղ, որպեսզի խոսեմ ժողովրդի հետ և խորհրդակցեմ նրա սիրտն ու հոգին ի մոտո ճանաչող հովիվների, այսինքն ձեզ հետ, հուսալով որ դուք ավելի խոհեմ և հեռատես կգտնվիք և չեք վարանիլ այսպիսի դեպքում զոհել փոքրիկ շահերը առավել մեծագույնը ձեռք բերելու համար։

— Փոքրիկ շահե՞ր... ի՞նչ շահեր պիտի զոհենք,— հարցրեց երեցը աչքերը մեծ բանալով։

— Սնոտի, պարծանքի, ինքնասիրության և այլ նման շահեր։

— Որո՞նք են դրանք։

— Այն, որ չեք հակառակիլ՝ եթե Ագուլիսում մի քանի հարյուր տուն՝ հայ կոչվելու փոխարեն, ունիթոր անունը կրեն։

— Բայց ինչո՞ւ այդ անունը կրեն։

— Որպեսզի ազատվին իրենց որդիքը շահի դուռը զրկելու հարկից։

— Եվ ուրեմն ա՞յդ գնով մենք պիտի վայելենք սրբազան պապի հովանավորությունը,— հարցրեց երեցը ժպտալով։

— Անշուշտ, ուրիշ կերպ անհնար է։ Շահը խոստացել է «մանկաժողով» չանել միայն ևեթ պապական հոտի մեջ։

— Եվ որպեսզի մենք «մանկաժողովից» ազատվենք, պիտի անպատճառ պապակա՞ն դառնանք։

— Այդ է միակ ճանապարհը,— հարեց կարգապետը։

Տեր֊Անդրեասը լռեց։ Բայց յուր հայացքը սևեռել էր հայր Երազմոսի վրա։

Ի՞նչ կարդաց վերջինս այդ հայացքի մեջ, գուշակել դժվար էր. բայց նա երևի զգաց յուր առաջարկության ստորացուցիչ լինելը, ուստի ավելացրեց.