— Բայց նրանք համաձայնել են,— ընդհատեց հայր Երազմոսը։
— Նրանք խնդրի մի երեսն են նայել. իսկ մյուսը՝ ինձ են թողել նայելու։
— Եվ դու ի՞նչ ես գտնում այդ երեսի վրա։
— Այն, որ տեսնում եմ թե՝ քո առաջարկած խորհրդին հետևելով իմ ժողովուրդը կստանա միայն խաբուսիկ և ժամանակավոր օգուտ. մինչդեռ կրած վնասը կլինի հավիտենական։
— Ինչո՞ւ այդպես ես կարծում։
— Որովհետև դու առաջարկում ես իմ առաջնորդին, կարգակիցներին և ժողովրդին՝ որ նրանք Շահաբասի առաջ վկայեն թե՝ այսքան հարյուր տուն պատկանում են քո հոտին։ Բարի։ Դիցուք թե վկայեցին։ Այդ մի քանի հարյուր տան մեջ գտնվող մի քանի տասնյակ գեղեցիկները, հարկավ, կազատվին Շահի ձեռքից. բայց ի՞նչ կհետևի դրան. այն՝ որ մի քանի տասնյակ մանուկների պատճառով մենք կկորցնենք մի քանի հարյուր ընտանիք և կկորցնենք անդառնալի կերպով։
— Ի՞նչպես թե կկորցնեք,— հարցրեց կարգապետը, իբր երեցին չհասկանալով։
— Այդ մի քանի հարյուր ընտանիքը կդառնան պապական,—պատասխանեց երեցը: Դուք հո թույլ չեք տալ որ հրապարակավ և շահի ներկայությամբ ունիթոր հռչակված հայերը մեկ էլ նորեն իրենց եկեղեցու գիրկը դառնան։ Նույնիսկ բռնի ուժով, ֆարրաշների օգնությամբ դուք այդ կարգիլեք նրանց, և ոչ մեկը դրանցից չի համարձակվիլ հայտնել՝ թե ինքը Շահի առաջ սուտ վկայություն է տվել. այդպիսի հանցանքի համար կախաղան կհանեն նրան։
— Էհ, թող չդառնան, մի՞թե պապական մնալով նրանք կկորչեն։
— Իմ խորին համոզմունքով՝ պապական եկեղեցուն հարող հայը ընդմիշտ կորչում է յուր ազգի համար։
Կարգապետը տեսավ որ երիտասարդ երեցը թափանցել է արդեն յուր գաղտնիքների խորքը և որ ինքը նրան է՛լ չի պիտի կարենա համոզել, ուստի ավելորդ համրելով շարունակել զրույցը, վեր կացավ տեղից: