Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կամեցա մի բարիք գործել քո ազգի համար, ասաց նա երեցին, դեպի դուռն ուղղվելով, բայց դու արգելք եղար ինձ։ Դա մի չարիք, մի հանցանք էր, որ գործեցիր։ Շահաբասի նման հզոր թագավորը պտրում է սրբազան պապի բարեկամությունը, հայերը չպետք է մերժեին այն։ Այն անխոհեմության հետևանքը կծանրանա, անշուշտ, ազգի վրա և այն ժամանակ մարդիկ կանիծեն քեզ, որ աշխարհային հաշիվների պատճառով արգելք եղար դու բազմաթիվ հոգիների փրկության։

— Այդ հոգիները, գերապայծառ հայր, կփրկվին մեր ձեռքով։ Հայոց եկեղեցին, այո, չունի հզոր վեհապետ, միակ կաթողիկոսը կալանավոր է և բանտարկյալ, բայց այդ եկեղեցին ունի դեռ արի զինվորներ, որոնք կդիմադրեն սպառնացող վտանգին, կկռվին քաջաբար, և եթե հարկ լինի, կմեռնեն անտրտունջ՝ եթե չարիքը կզորանա։ Ինչ վերաբերում է անեծքին, ես նրանից չեմ վախենում, քանի որ համոզված եմ թե՝ արդար գործ եմ կատարում։ Այո, կգտնվին մարդիկ, որոնք կանիծեն ինձ այսօր, բայց նրանց որդիքը կօրհնեն ինձ ապագայում։

— «Արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց կարգապետը և առանց հետևը նայելու դուրս գնաց սենյակից։

Ժ

Ավանի մեջ շուտով տարածվեցան զանազան լուրեր թե՛ ժողովի մասին, որ տեղի էր ունեցել առաջնորդարանում և թե՛ այն առաջարկության, որ ունիթորների կարգապետը արել Էր տեր-Անդրեասին։ Այդ պատճառով ժողովուրդը, որ շահի գալստյան առթիվ արդեն վարանման մեջ էր, այժմ սկսավ հուզվիլ ներքին երկպառակությունից։ Շուկայի մեջ, հրապարակում և եկեղեցիների բակերում խոսում, դատում և վիճում էին այդ խնդիրների մասին։ Մարդիկ բաժանվել էին մի քանի կուսակցության։ Դրանցից մինը պաշտպանում էր առաջնորդին և պահանջում՝ որ ետ դարձնեն թաքցրած երեխաներին և նրանց հետ միասին դիմավորելով շահին՝ իրենց հույսը դնեն