Էջ:Muratsan, vol. 5.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ձեռնածուներ։ Միով բանիվ, ամեն տեղ երևում էր անճաշակ զվարճասիրության արդյունք։ Շահաբասը ցանկանում էր, որ ուր որ էլ գնար՝ դիմավորեին իրեն հանդիսով, որ ամեն ազգ և ժողովուրդ հաներ յուր առաջ ամենը՝ ինչ որ ուներ փայլուն ու գեղեցիկ, իսկ թե դրանց մեջ կա՞ր միություն կամ ներդաշնակություն, այդ բանը նա չէր պտրում բնավ։

Այսուամենայնիվ, այդ հանդիսական գնացքին ամենից ավելի փայլ էր տալիս հայ հոգևորականությունը յուր վեհաշուք թափորով և արտաքին արդուզարդով, Շահաբասը, որ մի առանձին հաճությամբ հաճախում էր Սպահանում հայոց եկեղեցին և ներկա լինում նրանց տոնական արարողությանց, նամանավանդ ջրօրնյաց, զատկի, համբարձման և վարդավառի տոներին, այստեղ էլ զննում էր թափորի հանդեսը ոչ առանց հետաքրքրության։ Այդ նպատակով իսկ, Որտուատից բավական հեռանալուց հետո՝ նա առաջ վարեց յուր նժույգը և մոտեցավ հայ հոգևորականներին, թափորն ի մոտո զննելու համար։ Քահանաների երգեցողության ձայնակցում էին այդ միջոցին տեր–Անդրեասի վաթսուն աշակերտները։ Եվ այդ ձայնակցությունը այնքան զորավոր ու ներդաշնակ էր, որ գրավեց շահի բարձր ուշադրությունը։ Բայց հազիվ նա նայեց նրանց վրա մի վայրկյան և ահա իսկույն դեմքը խոժոռեց և դառնալով թիկնապահներին հրամայեց.

— Կանչեցեք այստեղ Ամիրգյունեին:

Նախարարը մոտ եկավ իսկույն։

— Խան, այս ի՞նչ աղտեզություն է, որ հանդես ես բերել այստեղ,— հարցրեց շահը զայրագին։

— Ի՞նչ, ձերդ մեծություն,— հարցրեց նախարարը, չկարողանալով իսկույն հասկանալ թե ինչի՛ մասին է խոսում շահը։

— Նայիր, ահա, այս գոնջոտների խմբին. ինչի՞ համար են սրանք այստեղ։

Ամիրգյունեն նայեց տեր–Անդրեասի աշակերտների վրա, որոնք, չնայելով որ հագած էին հարուստ շապիկներ, այնուամենայնիվ, իրանց սափրած և կեղծ–գոնջոտ գլուխներով ներկայացնում էին մի կատարյալ տգեղություն։

— Դրանք հայոց դպրոցի աշակերտներն են, տեր. հայերը