Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորություն ունին գերծել ուսանող տղաների գլուխները,— պատճառաբանեց նախարարը։

— Բայց նրանք ամենքն էլ վարակված են գոնջով, ո՞վ համարձակվեց հանել նրանց իմ առաջ,— հարցրեց Շահը ավելի գրգռվելով։

Ամիրգյունեն մնաց լուռ, որովհետև չգտավ մի պատճառ, որով կարողանար արդարացնել իրեն։ Այդ դեպքում նա չէր կարող մեղադրել վեքիլին կամ հայոց առաջնորդին, որովհետև շահի առաջ ինքն էր միակ պատասխանատուն։

Շահաբասը նախարարի լռությունը տեսնելով՝ մի խուլ մռնչյուն արձակեց և նժույգի գլուխը դարձնելով՝ յուր առաջվա տեղը դարձավ։

Արքայի զայրույթը, որ ուղղված էր Ամիրգյունեի դեմ, տխրեցրեց նրա բարեկամներին, որոնք ծանոթ էին շահի չարահույզ բնավորության հետ, իսկ Շահռուխ բեկին, ընդհակառակն, մեծ հաճույք պատճառեց, որովհետև այդ դեպքը հույս տվավ նրան թե՝ շուտով պիտի կարողանա վրեժխնդիր լինել ոչ միայն նախարարին, որ պաշտոնանկ արավ իրեն, այլև տեր-ԱՆդրեասին, որ խլեց իրենից գեղեցիկ Վարդենիին։

ԺԲ

Չնայելով անախորժ միջադեպին, շահը մտավ Ագուլիս գեթ առերես ուրախ, որովհետև իբրև փորձառու մարդ անպատշաճ էր համարում խոժոռված դեմքով ու սպառնացող հայացքով մուտ գործել մի քաղաք, ուր ամենքը սրտատրոփ սպասում էին իրեն, ուր ամեն ինչ պատրաստած էր յուր աչքերը պարարելու և հաճույքը գրգռելու համար։ Չնայելով ձմեռային եղանակին, փոքրիկ ավանը զարդարված էր կարի շքեղորեն։ Սարավույթներն ու պատշգամբները զարդարված էին վառերով, իսկ տների բարձունքը գույնզգույն լապտերներով։ Շահի անցնելիք փողոցներում կանգնեցրած էին զանազանակերպ կամարներ, իսկ հրապարակներում հրավառության գահեր ու ճախրակներ։ Տունը, որի մեջ օթևան էին պատրաստել շահի համար, Ագուլիսի միակ հոյակապ շենքն էր և