— Ես էլ այդ կարծիքին եմ,— հարեց իսկույն շահը,— այս հայերը, խան, շատ թարս մարդիկ են. ինձ թվում է թե՝ նրանց մանուկներին մանկաբարձը միշտ ձախ ձեռքով է ընդունում... այսպիսի սովորություն կա՞ ձեր մեջ,— հարցրեց շահը հայոց մելիքներին։
— Ոչ, մեծափառ տեր,— պատասխանեցին նրանք:
— Ուրեմն ուրիշ տեղ պետք է որոնել ձեր թարսության պատճառները։
Այս ասելով շահը նորեն սկսավ յուր ընչացքը ոլորել և ապա դառնալով Խոջա Նազարին, որ հարուստ ու անվանի լինելուց զատ, նաև պաշտոն ուներ արքունիքում, խիստ ձայնով հարցրեց.
— Խոջա-Նազար, ինչո՞ւ քո այս հայերը անպատճառ կամենում են կորչել։
— Եթե քո մեծափառության աջը հովանավորում է նրանց, նրանք չեն կորչիլ,— պատասխանեց Նազարը։
— Այս օրվանից իմ աջը ես հեռացնում եմ նրանցից։
— Այդ անելուց առաջ, մեծափառ արքա, հրամայիր որ իմ հայրենակիցները մատնեն իրենց Երասխի կատաղի ալիքներին։
— Քո խելքը, Նազար, չի փրկիլ դրանց:
— Բայց քո գթությունը կփրկե։
— Անկարելի է, ասում եմ քեզ։
— Արևը միայն լույս ու կենդանություն է սփռում,— նկատեց Նազարը այլաբանորեն։
— Բայց նա շատ անգամ, նաև, չորացնում ու այրում է, — պատասխանեց շահը նույն ձևով։
— Ինչո՞վ արդյոք, մեծափառ տեր, իմ հայրենակիցներն արժանացան քո արդար բարկության:
— Ինչո՞վ. դու սպասավորում ես արքայի դռանը և դեռ չգիտես թե՝ ի՛նչ հանցանք գործեցին այժմ իմ առա՞ջ։
— Իմ միտքը լուսավորվում է միայն արքայի իմաատուն թելադրությամբ,— առարկեց Նազարը։
— Եթե այդպես է, ուրեմն լսիր։— Այս ասելով շահը դարձավ դեպի հայոց գլխավորներն ու շարունակեց.— ասացեք ինձ անկեղծորեն, երբ ձեզ մոտ գալիս է մի թանկագին