Էջ:Muratsan, vol. 5.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուր, որի հետ դուք առաջուց ունենում եք հաշիվներ, արդյոք դուք նախ նրա գալուստն եք շնորհավորում, ողջույնի ճաշ մատուցանում և ապա թե նրա հաշվի մասին խոսո՞ւմ, թե՞ ամենից առաջ հաշվի մատյանն եք բանում.

Հայերը լուռ էին։

— Ձեր Աթոռը, կամ ճիշտն ասած, ձեր կաթողիկոսը պարտ է իմ գանձարանին երեք հարյուր թուման, այդ փողը պիտի վճարվեր ընդունված եղանակով. հակառակ դեպքում, ձեր կաթողիկոսը պիտի կրեր յուր շղթան մինչև կյանքի վերջը, այդ հայտնի՞ էր ձեզ թե ոչ:

— Հայտնի էր, տեր,— պատասխանեցին մելիքները։

— Արդ, ի՞նչ իրավունքով դուք նրա հաշիվները խառնել եք այսօր այն նվերների հետ, որ պիտի մատուցանեիք ձեր վեհապետին։

Ամենքը լուռ էին։

— Ակզբից արդեն դուք սովոր էիք ընծաների հետ միասին բերել ձեր արքային նաև առատ ոսկի։ Այդ կարգն առաջին անգամ ես տեսա Ջուղայում, ուր մուտ գործեցի ես տասներկու տարի առաջ։ Այդպե՞ս է թե ոչ, խոջա Անձրև,— դարձավ թագավորը Ծղնայի խոջային։

— Այո, տեր իմ. և ոսկվո առաջին սկուտեղը բախտ ունեցավ ներկայացնել քո մեծափառության խոջա Խաչիկը։

— Այո, իմ բարի հյուրընկալը, որ Երասխի ափից մինչև յուր տունը մետաքսե ազնիվ փիանդազ էր փռել իմ ոտքերի տակ... տեսնո՞ւմ եք, ես չեմ մոռանում իմ լավ հպատակի արժանավոր գործը... բայց ի՞նչպես եղավ նրա վախճանը, չեմ հիշում, հարցրեց շահը՝ դառնալով Նազարին։

— «Խոջա Խաչիկը խեղդվեցավ Երասխում այն տարին, երբ քո մեծափառության հրամանով հայերը քշվեցան Պարսկաստան։ Քշող վերակացուներից մինը երկաթե գավազանով հրել էր նրան դեպի գետը այն ժամանակ, երբ խոջան կամենում է եղել ազատել յուր տասներկու տարեկան աղջկան, որին, գետից անցընելու պատրվակով, առևանգում է եղել մի զորական։

— Թող աստված լուսավորն նրա հոգին,— հարեց շահն