Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն տեղ, տեր իմ, տեսել եմ ժողովրդին քեզ սիրող ու անձնվեր, քո անվան երկրպագու։ Ընդարձակածավալ Իրանի մեջ ևս չեմ պատահել մի մարդու, որ երջանիկ չհամարեր իրեն, եթե վերցնեին նրանից ոչ միայն յուր գույքն ու հարստությունը, այլև բոլոր զավակները՝ մեծափառ շահին նվիրելու համար։ Ամեն մի ուղղափառ սիրով կխոնարհեր գլուխը այդօրինակ հրամանի առաջ՝ հավատալով թե դրանով պիտի արժանանա շահի գեթ մի ողորմած հայացքին...։

— Ինչո՞ւ համար է այդ նախաբանը,— ընդհատեց շահն անհամբերությամբ։

— Համեմատելու համար մեր ուղղափառներին այս քրիստոնյա հայերի հետ, որոնց դու իրավամբ «թարս» անվանեցիր։ Երբեք չէի կարող կարծել, կամ նույնիսկ երևակայել թե՝ այս ագուլեցի հայերը իրենց մանուկների գլուխները կզերծեին՝ արհեստական կերպով նրանց տգեղացնելու համար, որպեսզի մեծափառ շահը նրանցից ոչ ոքին գեղեցիկ չգտնելով, չտանե յուր հետ Սպահան։

— Անկարելի է... ճշմարտությունը խոսիր, Շահռուխ, ապա թե ոչ, այս րոպեին մեխել կտամ գլուխդ դարբասի պատի վրա,— գոչեց թագավորը այնպիսի սրտմտությամբ, որից ամեն ոք կարող էր դողալ։ Բայց Շահռուխը, որ լավ էր ճանաչում յուր վեհապետին, խաղաղ ձայնով պատասխանեց.

— Ինչպե՞ս կհանդգնեմ ստել քո ահավոր մեծության առաջ, տեր իմ։

— Թշվառական, ես ինքս տեսա, որ այդ մանուկները վարակված էին գոնջով. անշուշտ նրանց գլուխները զերծել են՝ գոնջը դարմ անելու համար։

— Հենց գլխավորն այն է՝ որ այդ գոնջն էլ կեղծ է:

— Ինչպե՞ս, դու չե՞ս զառանցում։

— Ոչ, տեր իմ. ես ճշմարտություն եմ խոսում. հայ ծնողներն այդ գոնջը առաջացրել են մանուկների գլխների վրա արհեստական եղանակով։ Այդպես է վկայում քո բժշկապետը։

— Ուղուրլու-բեկը։

— Այո, տեր իմ։

— Կանչեցեք նրան այստեղ,— հրամայեց շահը շաթիրներին։