Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժշկապետը ներս եկավ և հաստատեց այն ամենը, ինչ որ հաղորդել էր Շահռուխը. այլև ավելացրեց թե՝ ինքն այդ գոնջի նմանող վերքերը կարող է բուժել երկու օրվա մեջ՝ ամենահասարակ օծանելիքով, մինչդեռ գոնջը, ինչպես հայտնի է, հազիվ է բուժվում մի քանի ամիսների և երբեմն, ամբողջ տարվա ընթացքում:

Թագավորը թեպետ սաստիկ զայրացավ, բայց չկամենալով իսկույն եթե պատմել հանցավորներին. հրամայեց հետևյալ օրը կազմել բազմամարդ ատյան, բերել այդտեղ նաև մանուկների ծնողներին և յուր ներկայությամբ հարցուփորձել նրանց։ Եվ որպեսզի հանցավորները ժամանակ չունենային միմյանց հետ տեսնվելու և արդարացման պատճառներ հերյուրելու, շահը պատվիրեց չհայտնել ոչ ոքի թե՝ ինչո՞ւ համար է ատյան հրավիրվում։

Եվ հետևյալ օրը մունետիկները հնչեցրին քաղաքում ջահի հրամանը։ Իսկույն ավագանին շտապեց ապարանքի սրահը։ Եկան այդտեղ հայ ու պարսիկ մեծամեծները մելիքները, բեկերը, խոջաները, դատավորները, հայոց առաջնորդը և քահանաները, ունիթորների կարգապետն ու պապի նվիրակը և վերջապես տեր-Անդրեասի վաթսուն աշակերտների ծնողները, որոնք գուշակելով թե՝ ինչի՞ համար են հրավիրված, մտնում էին սրահը իբրև մահապարտներ։ նրանց դեմքերի վրա նկարված էր երկյուղ և սարսափ։

Երբ ատյանը բոլորեց, ներս մտավ Շահաբասը, հագած հանդիսավոր զգեստ և շրջապատված դրանիկներով ու շաթիրներով։

Նստելով գոհարազարդ գահի վրա, նա հրամայեց դպրապետին կարդալ մեղադրականը։

Եվ վերջինս կարդաց։

Ապա շահը հրամայեց խոջա Նազարին բացատրել մեղադրականի բովանդակությունը այն հայերին, որոնք անծանոթ էին պարսկական լեզվին։

Այդ հրամանը նույնպես կատարվեցավ։ Ապա թագավորը դառնալով հայոց առաջնորդին՝ բարձր ու ցասկոտ ձայնով հարցրեց.