Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խելագարին մեկն է, որ մի ամբողջ ժողովրդի գործած հանցանքն առնում է յուր վրա։ Մնացին ապշած նույնպես ատենականները, պարսիկ իշխանները և, նամանավանդ, ունիթոր կարգապետները։ Վերջիններս րոպե առ րոպե սպասում էին շահի՝ հանցավորները կոտորելու մասին արվելիք հրամաին, որպեսզի իրենք, հանուն Հռովմա գահի միջամտելով՝ արգիլեն կոտորածը, իսկ դրա փոխարեն իրենց կողմը դարձնեն մի քանի հարյուր հայ ընտանիք։ Եվ սակայն տեր-Անդրեասի խոստովանությունը ոչնչացնում էր նրանց հույսը։

Զարմացողների թվին պատկանում էին նաև տեր-Անդրեասի հակառակորդները և նրանց հետ միասին ինքն առաջնորդը, որ մինչ այդ այնքան աննպաստ կարծիք ուներ երիտասարդ երեցի մասին, որին և այդ պատճառով վշտացրել էր հանիրավի։

Չզարմացան միայն հայ ծնողները և երեցին կուսակից քահանաները, որոնք քաջապես ճանաչում էին նրան և գիտեին թե՝ որպիսի գեղեցիկ համարձակության տեր և ինչ անօրինակ անձնվիրության ընդունակ պաշտոնյա է նա։ Երբ վերջինս հանցանքն առավ յուր վրա, ամենքի համար պարզվեցավ այն միտքը թե՝ հայրենասեր երեցը յուր անձը զոհ է բերում ժողովրդին, ավելի լավ համարելով որ ինքը զոհվի միայնակ, քան շատերը միասին։ Այդ պատճառով նրա վրա բարեկամներն սկսան նայիլ սրտահույզ արգահատությամբ, իսկ հակառակորդները՝ ամոթով և խղճահարությամբ։

— Ուրեմն դո՞ւ ես գերծել տղաների գլուխները,— հարցրեց շահը առժամանակյա լռությունից հետ։

— Այո, տեր, պատասխանեց քահանան։

— Իսկ գո՞նջը ով առաջացրեց։

— Այն էլ ես արի, իմ պատրաստած դեղով։

— Նպատակդ ի՞նչ էր, բացատրիր տեսնեմ,— հարցրեց շահը առանց բարկանալու, որովհետև քահանայի խոստովանությունը իջեցրել էր արդեն նրա զայրույթը։

— Որպեսզի իմ նպատակը բացատրեմ։ շահը պիտի հաճի լսել ինձ համբերությամբ։

—Խոսիր, ես կլսեմ, քեզ,— ասաց վերջինս մեղմով և