շարունակ գալ և խոնվիլ բանտի շուրջը, կանգնել այդտեղ ժամերով և սիրեցյալ հովվի վիճակն ավաղել: Թեպետ այդպիսով երեցի դրությունը չէր թեթևանում, այսուամենայնիվ, ամեն մի հայ յուր պարտքն էր համարում այցելել այն տեղին, ուր բանտարկված էր քահանան և լսել նրա մասին մի որևէ նորություն։ Այդպիսի նորություններ, իհարկե, չկային, որովհետև դեռ ոչ ոք չէր հաջողել տեսնել բանտարկյալին, կամ տեղեկություն առնել նրա դրության մասին։ Սակայն ամեն մի այցելու գոհ էր լինում և այն լուրերով, որոնք հետզհետե ստեղծվում էին ամբոխի մեջ և տարածվում իբրև ճշմարտություն։
Երբ երեցի կալանավորության առթիվ տիրող երկյուղը մի փոքր թուլացավ, հայոց մեծամեծները մտածեցին դիմել շահի գթության և ներումն հայցել բանտարկյալի համար: Սա թեպետ հանդուգն մի հայցված էր և խնդրարկուները դրանով կարող էին իրենց վտանգի ենթարկել, այնուամենայնիվ, արժանավոր հովվին նեղությունից ազատելու ցանկությունը այնքան էր մեծ, որ նրանք այդ որոշումը կայացրին։ Նույնիսկ այս անգամ գործի գլուխ անցավ ինքն առաջնորդը, որի մեջ աեր Անդրեասի անձնվիրությունը զարթուցել էր նախանձավորության գեղեցիկ զգացում։ Այն մարդը, որ սովոր էր հանգստության, որին մինչև այդ հետաքրքրել էին միայն անձնական հաշիվները, պաշտոնի շահը և իշխանական իրավունքը, այժմ կերպարանափոխվել, նոր մարդ էր դարձել։ Նա աներկյուղ ձեռնարկում էր վտանգավոր գործի, որպիսին էր զայրացած Շահաբասին միջնորդելը. և այդ անում էր՝ բռնավորի երեսը մի անգամ տեսնելուց, նրա ահավոր ձայնը սարսափով լսելուց հետո:Անձնվիրության լավագույն մի օրինակը դարձել էր վարակիչ. և առաջնորդը չէր քաշվում սովորել առաջնորդյալից հոգևոր պաշտպանին արժանապես ծառայելու դժվարին արհեստը։
— «Քաջ հովիվը կատարեց յուր պարտքը՝ հոտն ազատելու համար. այժմ էլ հոտի վրա է պարտք մնում հոգալ յուր հովիվ ազատության համար...»,— ասում էր նա հայոց մեծամեծներին, որոնց ժողովել էր յուր մոտ՝ մտադրյալ միջնորդության մասին խորհրդակցելու։