Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին շահին թե՝ բուն հայերն, ուրեմն չեն կամենում ուրախանալ։

— Այս ի՞նչ է, խան, հայերը կարծես կոտորվել են. նրանց թաղերում կենդանության նշույլ չէ երևում.— հարցրեց Շահն Ամիրգյունեին, որ եկել էր թագավորին «բարի երեկո» մաղթելու։

Խանը նայեց ապակեզարդ փենջարեի միջով և այնպես ձևացրեց իբր թե նոր է այդ բանը նկատում։ Բայց և այնպես չկարողացավ մի հարմար բացատրություն գտնել հայերին արդարացնելու համար։

— Գուցե՛ կրոնական սուգի օր է, խան,— հարցրեց շահը հեգնելով։

— Չգիտեմ, տեր իմ, բայց եթե հաճիս հրամայել, իսկույն կիմանամ, պատասխանեց Ամիրգյունեն, ընդ նմին պատրաստվելով դուրս գնալ և հրաման արձակել որ կատարվող անկարգության առաջն առնվի։

— Եթե շահն հաճի լսել, ես կբացատրեմ պատճառը,— խոսեց Շահռուխը, որ կանգնած էր իշխանների հետ։

— Բացատրիր,— հրամայեց թագավորը։

— Հայերը չեն ուրախանում այն պատճառով՝ որ շահը ձաղկել տվավ ըմբոստ քահանային։ Այդ ցույցով նրանք ցանկանում են վրեժխնդիր լինել մեծափառ արքային։

— Հավանական չե՞ս գտնում այս բացատրությունը,— հարցրեց Շահը Ամիրգյունեին։

— Եթե իմ արեգակնափայլ տերը հավանական է գտնում...

— Բոլորովին հավանական, ընդհատեց շահը զայրագին. և ապա դառնալով Շահռուխին ասաց.— այս հանդուգն ժողովուրդը մի նժարի մեջ է դրել թե մեղապարտ քահանային և թե յուր թագավորին. քեզ եմ հանձնում, բեկ, սանձահարել դրանց... վաղն ևեթ շտապիր բանտարկյալի մոտ և աշխատիր խոստովանել տալ նրան թե ո՜վքեր են եղել յուր մեղսակիցները։ Անշուշտ, վաթսուն աշակերտների գլուխները նա միայնակ չէ գերծել։ Բրածեծն ուտելուց հետո՝ երեցն այժմ հեշտությամբ կխոստովանե ճշմարտությունը։ Ապա անմիջապես կալանավորել տուր ցույց տված