Էին։ Բայց երկու զորավոր խաների պատրաստածը այս տկար կինը ետ խլեց մի խոսքով։ Աղջիկները ներկայացել էին ինձ քողերով։ Երբ ես հրամայեցի բանալ դեմքերը, իսկ նրանք դժվարանում էին, Սառա֊խաթունը բացականչեց.— «Բացեք երեսներդ. ձեզ հրամայում է թագավորը և ձեր եղբայրը»։ Երևակայիր, խան, այդ եղբայրբառը զինաթափ արավ ինձ. սիրտս այդ ժամանակ քնքուշ էր և դյուրազգաց։ Երբ աղջիկներն իրենց քողերը բացին, տեսա որ չքնաղ են հյուրիների չափ։ Բայց ես որոշեցի չժառանգել ոչ մեկին։ Եմ հյուրընկալ տիրուհին նրանց ինձ «քույրեր» անվանեց, ի՞նչպես կարող էի իսլամի համար նվիրական այդ անուններն անարգել...
— Այո, խաթուն, դրանք իմ քույրերն են, իսկ դու այսօրվանից կկոչվես ինձ մայր, ասացի ես հանդիսաբար, և այդ օրից, ահա, այս հայուհին իմ մայրն է։
— Ավաղ, տեր իմ. եթե իմ վարմունքով զրկանք եմ պատճառել քեզ, ապա ուրեմն իզուր եմ պարծենում թե քո մայրն եմ ես, ասաց Սառան։
— Զրկա՞նք. ո՞չ. լավ է յոթ քույր ունենալ քան յոթ կին։ Յոթ քույրերից սիրվելը երջանկություն է, իսկ յոթ կանանց գգվանքը՝ դժոխք։ Քույրն յուր սիրո համար վարձ չի պահանջում, մինչդեռ կինը կթունավորե սիրտդ, եթե անվարձ թողնես յուր մի ավելորդ գգվանքը։
— Եթե այդպես է, ապա քո մայրն աղաչում է քեզ ծնկաչոք... ։
Այս ասելով Սառան ծնկան իջավ թագավորի առաջ. նույնն արին և յուր հետևորդները։
— Եթե հանցավորի համար է խնդիրդ, չի պիտի լսեմ, — ընդհատեց հանկարծ թագավորը։
— Քեզ խնդրում են այժմ հազարավոր մայրեր. քեզ պաղատում են հազարավոր քույրեր, լսիր նրանց, տեր իմ, նայիր նրանց արտասուքներին,— բացականչեց Սառան՝ ձեռքերը կողկողագին դեպի թագավորը տարածելով։
— Լսիր, կին դու. խոսել սկսավ շահը մեղմով, — անցյալ հիշատակները ինձ մի փոքր զբաղեցրին և ես մոռացա թե ինչու համար ես դու այստեղ։ Ես քեզ հարգում եմ, իբրև մի կնոջ, որին մի անգամ «մայր» անունն եմ տվել, ուստի և