Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեմ կամենում խոսել քեզ հետ խստությամբ։ Բայց գիտցիր որ ևս չէի խնայիլ նույնիսկ իմ հարազատ մորը, եթե նա Ժտեր ներումն խնդրել ինձանից մի ապիրատի համար, որ յուր թագավոր որդուն անարգել է հրապարակավ...

— Աստված, որ թագավորների թագավորն է և համայն տիեզերքի արարիչը, ներում է հանցավորին երբ նա զղջում է և քավում յուր մեղքերը։ Կալանավոր քահանան վաղուց զղջացել է յուր արածի համար, իսկ նրա կրած չարչարանքները քավել են արդեն նրա հանցանքը։ Ես համարձակվում եմ ներումն խնդրել, որոհետև հավատում եմ թե՝ իմ թագավոր որդին կցանկանա հետևել յուր արարիչ աստծուն։

Շահը մի վայրկյան լռեց և աչքերը շուրջ հածելով՝ կարծես, կամենում էր իշխանների ցանկությունը գուշակել։ Հանկարծ Շահռուխն առաջ գալով՝ կեղծ կարեկցությամբ ասաց.

— Որքա՜ն ցավալի է, տեր իմ, որ հարգարժան խաթունը յուր խնդիրն առաջարկում է քո երդումից հետո։ Եթե նա վաղ ներկայանար...։

— Օ՜, անհնարին է, մայր իմ, բացականչեց շահը, կարծես քնից վեր թռչելով. անհնարին է. ես երդվել եմ աստծո և իմ իշխանների առաջ։ Ես չեմ ներիլ հանցավորին, մինչև որ նա յուր հավատը չուրանա։

— Աստված կներե երդմանդ՝ բարի գործ կատարելուդ համար, ասաց խաթունը։

— Անհնարին է, ես երդվել եմ իմ գլխով։

— Հազարավոր բերաններ կօրհնեն քեզ սրտագին և քո մեծափառ գլուխը ազատ կմնա չարիքից։

— Ես վերջին խոսքն ասացի. հանցավորը կամ պիտի յուր հավատն ուրանա և կամ նշանակված օրը գլխատվի:

— Գթացիր, տեր իմ, գեթ այս թշվառին, որի մահն ու կյանքը գտնվում է քո ձեռքում...այս ասելով խաթունը բարձրացավ տեղից և առաջ քաշեց պառավների ետևը կծկված գեղեցկուհուն։

Վերջինս ծունկ չոքեց թագավորի առաջ և աղաչավոր հայացքը ձգեց գահի պատվանդանին։

Ո՞վ է սա,— հարցրեց թագավորը՝ հետաքրքրությամբ