Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շահն յուր սեփական աչքերն ունի, բեկ, մի՜ գուցե այդ հարսը քեզ էլ է գրավել,—նկատեց թագավորը ժպտալով:

— Քավ լից, տեր իմ. ես միայն քո հաճույքի խոնարհ ծառան եմ,— պատասխանեց Շահռուխը նույնպես ժպտալով:

— Գիտեմ քո գաղտնիքները: Բայց դու անհոգ կաց. ես չեմ զրկիլ քեզ: Այդ գեղեցկուհին միայն մի շաբաթ կվայելե իմ շնորհը, իսկ այնուհետև ինքդ կարող ես խնամել նրան ինչպես որ կցանկանաս։ Միայն թե քահանան շուտ պիտի գլխատվի։ Քանի նա այսպիսի գեղեցիկ կին ունի, հարկ չկա այլևս պատիժը հետաձգել:

— Բայց եթե այդ կինը տհաճություն պատճառե քեզ յուր տխրությամբ...

— Որքան միամիտ ես. կա՞ միթե աշխարհում ավելի քաղցր հաճույք քան այն՝ որ մարդ վայելում է արտասվող կնոջն յուր գրկում սեղմելով... բացի այդ, բեկ, ես դեռ չեմ պատահել մի կնոջ, որ ավելի ջերմությամբ չլիներ գրկած ինձ հենց այն պատճառով, որ ես խլել եմ նրան յուր ամուսնուց:

Կինը, որ ուժի երկրպագուն է, ավելի սիրում է զինքը բռնաբարողին քան յուր հաճությունը մուրացողին...

— Եթե այդպես է, ուրեմն մենք այդ հարսին ժամանակ կտանք միայն մի տասն օր։

— Ամուսնու մահը սգալո՞ւ,— հարցրեց թագավորը:

— Այո:

— Հինգ օրն էլ բավական է. որքան քիչ լա նա, այնքան գոհ կլինի մեզանից: Դու այժմ շտապիր մունետիկ շրջեցրու քաղաքում: Վաղը մինչ կեսօր ամեն ինչ պիտի վերջանա:

— Իսկ եթե քահանան հոժարվի ընդունել մեր հավա՞տը:

— Այն ժամանակ թող նա տեր լինի յուր կնոջը, որի փոխարեն, անշուշտ, հյուրիներ կտան մեզ ջեննաթում։ Շահռուխը գլուխը խոնարհեց շահին և դուրս գնաց։

ԺԸ

Մունետիկի ձայնը լսվեցավ նաև այն թաղում, ուր ապրում էին հայր Մատթեոս Երազմոսը և պապի նվիրակ՝ հայր Պողոս Չիտտագինին: Մունետիկի հայտարարությունը Անդրեաս երեցի գլխատման մասին, արդարև, առաջին անգամ դող