Էջ:Muratsan, vol. 5.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանեց նրանց սիրտը։ Գերապայծառ հայրերը խորհեցին և զգացին իբրև կարեկից քրիստոնյաներ. բայց այդ առ ժամանակ միայն։ Որովհետև քիչ հետո հայր Մատթեոսն ասաց.

— Մենք իսկապես ցավելու իրավունք էլ չունինք. զի լավ է այր մի մեռանիցի ի վերայ Ժողովրդյանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ»։

— Ընդհակառակը, պետք է որ ցավենք, որովհետև այդ երեցի մեռնելով է որ ազգը կորչում է, —նկատեց Չիտտագինին։

— Դու ուրեմն չհասկացար ինձ։ Ես այս ազգի հոգևոր և ոչ թե մարմնավոր կորստայան մասին եմ խոսում։ Չէ՞ որ այս քահանան էր մեր գործունեության խոչընդոտը։ Բայց ահա նա այժմ բարձվում է մեջտեղից և գործելու ասպարեզը մնում է ազատ...

— Այդպես էլ հասկացա ես, ուստի և նկատեցի թե՝ հենց այժմ է կորչում ազգը։

— Ի՞նչպես. մի՞թե նա կկորչի, եթե մեր փարախը մտնե.— հարցրեց Երազմոսը։

— Հենց այդ է ցավը որ մեր փարախը չի մտնիր։ Որովհետև եթե այդ քահանան հայրենի հավատի վրա նահատակվի, նա այնուհետև հայոց համար կդառնա մի պաշտելի սուրբ, մի աննման հերոս, որ յուր անձը զոհել է ժողովրդի փրկության։ Եվ ահա, այնուհետև նրա խոսածներն ու քարոզածները կդառնան հայոց համար երկնային պատգամներ... դու այլևս չես կարող ազատ շրջել քո թեմում կամ քարոզել հայ ժողովրդին դառնալ քո փարախը, որից տեր֊Անդրեասը սովորեցրել է նրան հեռանալ։ Այդ քահանայի նահատակությունը հայ եկեղեցու հաղթանակն է. պետք է աշխատել արգելք լինել այդ բանին..․

Հայր Երազմոսը սկսավ մտածել։ Չիտտագինիի դիտողությունը իրավացի էր։ Պետք էր ուրեմն աշխատել արգելման ճանապարհը գտնել։ Եվ ահա մի փոքր լռությունից ետ նա ասաց.

— Եթե այդպես է, գերապայծառ հայր, քեզ վրա ծանրանում է մի օրինական պարտք, դու պիտի աշխատես կատարել այն փութով։