Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հռովմա պապի անունով... Եկեք, ուրեմն, հայեր, խոնարհեցեք այդ զորության առաջ, թողեցեք ձեր ազգությունը, ձեր եկեղեցին, ձեր լույս հավատը, սուրբ էջմիածինը և դարձեք ծառա Հռովմա գահին...»։ Օ՜ն և о՜ն, հայոց ժողովուրդ. մի՛ ուրախանաք այս նենգամիտ շնորհով, որն այսօր մի հոգի փրկելով՝ վաղը հարյուրը պիտի կորցնե. այսօր մի տեր-Անդրեաս ապրեցնելով վաղը նման տասին պիտի մեռցնե,— չեմ ասում սրով, այլ հոգվով ու սրտով...։ Մի՛ ընդունեք ուրեմն այս շնորհը, մի՛ գոհանաք այս մարդկանց ձեզ արած ծառայությամբ։ Զոհեր տվեք աներկյուղ, եթե այդ պահանջում է ձեր եկեղեցվո ազատությունը. թողեք որ տեր-Անդրեասները մեռնին, եթե անհրաժեշտ է որ նրանց ժողովուրդը ապրի։ Եթե մեր հոյակապ նախարարները, աշխարհային գանձերով ճոխացած իշխանները զոհում էին իրանց անձը եկեղեցվո և ժողովրդի փրկության համար, ապա ո՞վ է տեր-Անդրեասը, որ փախուստ տա այդ պարտքից... Եթե հայոց եկեղեցին խաչվում է ամեն օր, եթե հայոց կաթողիկոսը կապված է շղթաներով, ինչո՞ւ նրա սպասավորը ազատ պիտի շրջի, աստուծո լույսն ու արևը ազատ վայելե... Այո, ես կմեռնեմ, և իմ մահը թող անեծք լինի այն հայի համար, որ յուր ազգն ու եկեղեցին դավաճանելու գնով կցանկանա ապրել...

Իսկ դուք, ո՛վ պատվելի հարք, տեր-Մատթեոս Երազմոս և տեր Մարիա-Չիտտագինի, որ առաքված եք այստեղ հայոց եկեղեցին քանդելու և նրա ավերակների վրա Հռովմա դրոշը բարձրացնելու, գիտացեք՝ որ ոչ միայն անարգ գործ եք կատարում, այլև վաստակում եք իզուր։ Զի հայոց եկեղեցին զորավոր է և նա յուր հիմքը փորող բազուկները կջախջախե: Նա զորավոր է ոչ թե աշխարհակալ արքաների պաշտպանությամբ, այլ յուր անձնվեր որդվոց նահատակությամբ, և նա չի ընկճվիլ, չի հաղթահարվիլ, թեկուզ Հռովմա պապը և Ֆռանգի թագավորները քրիստոնեության թշնամի Շահ աբասի հետ միացած աշխատեն նրան կործանելու համար: Կգա ժամանակ, երբ մեր այս Սյունիքում, ուր դուք այսօր հաստատվել և ամեն կողմ ցանցեր եք սփռել, ձեր հետքն անգամ չի երևալ, և հայոց հայրենական եկեղեցին կլինի միակ հովանավորողը չուր հարազատ զավակների: