Օ՛ն, ուրեմն, ե՛տ վերցրեք ձեր բերած հրովարտակը. դժպհի են ինձ ձեր շնորհն ու բարիքը. խարդախյալ փրկությունից ավելի՝ ես մահն եմ գերադասում...»։
Այս ասելով երեցը պատառոտեց արքայական հրամանագիրը և պատառները ցրվեց օդի մեջ։
Մի հանկարծական աղաղակ բրդեց չորս կողմը: Հայերը սարսափեցան, պարսիկները կատաղեցին և կրոնավորներն սկսան հայհոյանք տեղալ մեղապարտի վրա։
Դահճապետը, որ մինչ այն անուշադիր էր դեպի երեցի խոսածները, որովհետև հայերեն չէր հասկանում, տեսնելով հրովարտակի պատառոտվիլը, հանեց իսկույն դաշույնը և խոյացավ քահանայի վրա։
— Այդ ի՞նչ հանդգնություն է, գարշելի արարած,— գոչեց նա զայրագին և դաշույնը թափով երեցի փորը խրեց։
Քահանայի աղիքը դուրս թափվեցան իսկույն։ Երեցը, որ տակավին կանգնած էր անհողդողդ, սկսավ ձախ ձեռքով արյունաշաղախ ընդերքը ժողովել փորի մեջ, իսկ աջով խաչակնքել երեսը և աղոթել։
Դահիճներն անընդհատ հարվածներ էին տալիս խաչակնքող ձեռքին և աղոթող բերանին. բայց նա անշարժ էր։ Թվում էր թե մարմինը, որի վրա հարվածներ էին տեղում, այլևս իրենը չէր, թե հոգին անզգա էր մարմնո տանջանքներին։
Վերջապես մոտեցավ պատժարար վերակացուն և հրամայեց կախաղան հանել նրան։
— Այո՛, կախեցեք, բայց ոչ իբրև հասարակ հանցավորի, այլ իբրև մեծ ոճրագործի. կախեցեք գլխավայր որպեսզի տանջանքը ժամերով տևի,— հրամայեց նա։
Դահիճներն իսկույն գետին գլորեցին երեցին և սրերով պատառեցին նրա սրունքների ջիղերը, ապա երկաթե կարթերը նրանց մեջ անցցնելով քաշեցին դեպի կախաղանը։
Այսպիսով թշվառ զոհը գլխիվայր կախված՝ ճոճում էր օդի մեջ. իսկ փորոտիքը թափվելով՝ ծածկել էին կուրծը, որով նա նմանվում էր սպանդանոցում կախված մորթազերծ ոչխարի. միայն այն զանազանությամբ՝ որ վերջինս անշնչացած լինելով չէր զգալ յուր ցավերը, մինչդեռ կախված երեցը