Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեծում էր սոսկալի տանջանքների ներքո։ Եվ նրա հեծության ձայնակցում էր ժողովուրդը լալագին հառաչելով։ Այն իսկ պատճառով վերակացուն հրամայեց ցրել ամբոխը, որպեսզի գրգռում չառաջանա։ Զինյալ վաշտերը կատարեցին տված հրամանը։ Իսկ զրահավորների մի ուրիշ խումբ կախաղանը շրջապատեց՝ երեցի մահվան սպասելով։

Սակայն այդ մահը շուտ չհասավ։ Արի նահատակը ծանր ու սոսկալի տանջանքներ կրեց. բայց կրեց անտրտունջ և յուր հեծության մեջ անգամ՝ աստուծո անունն օրհնելով։

Արևը մայր մտնելու մոտ նա յուր արդար հոգին ավանդեց:

Երբ շահն այս բոլոր եղելությունն իմացավ, կատաղեց ինչպես վիրավոր գազան և յուր հրովարտակի անարգանաց վրեժը հրամայեց առնել նահատակի դիակից։

Գցեցեք նրան շինություններից դուրս, բաց դաշտի վրա. ոչ ոք թող չհամարձակի ամփոփել այդ դիակը, մինչև որ շներն ու գիշերային գազանները չցրվեն նրան ամբողջապես, հրամայեց շահը և այդ հրամանը կատարվեցավ իսկույն։

Նահատակի մարմինը վերցնելով կախաղանից՝ ձգեցին հեռու, ամայի դաշտը։

Բայց հայերն անմիջապես պահապաններ կարգեցին, որպեսզի նրանք գիշեր ու ցերեկ հսկեն դիակի վրա, մինչև որ մեծամեծները հաջողեն հրաման առնել շահից սուրբի մարմինն ամփոփելու համար։

Ի

Անցավ հինգ օր և սակայն նահատակի դին դեռ անթաղ ընկած էր ամայի դաշտի վրա։ Հայերի խնդիրն և աղաչանքը մնում էր անուշադիր։ ժողովուրդը հետզհետե հուզվում, գրգռվում էր։ Մելիքները դիմեցին Ամիրգյունեին և խնդրեցին նրան՝ զգուշացնել շահին, որ պատճառ չդառնա անտեղի հուզման, գուցե և կոտորածի, որովհետև ժողովուրդը սաստիկ սրտմտած էր իրեն հասած անարգանքի համար և կարող էր հեշտությամբ անխոհեմ քայլեր անել։