շահին ներկայացնելուց առաջ՝ հագեցներ վաղուց հետև ունեցած յուր տենչանքը...:
Եվ ահա, վերջապես, տան բակը մտավ սպասված հյուրը և թեթև քայլերով մոտեցավ մուտքին։ Շահռուխը դիմավորեց նրան ժպտերես։
«Մանկահասակ թիկնապահն», որ մինչև բեկի տունը հասնիլը ծանր տագնապներ էր անցուցել, մերթ արիացել, մերթ վհատվել էր, մերթ հուզմունքից քրտնել, մերթ երկյուղից դողացել էր. տան բակը մտնելուն պես քաջացավ. աներևույթ մի ուժ կարծես զորացրեց նրան, «արագ և հաստատուն բազկով», շշնջաց, ասես, մինը նրա ականջում. և նա ներսն ընկավ իբրև մի մարմնացյալ սրտմտություն։
Բեկը, որ զմայլված էր տիրուհու կերպարանքին, ըստ որում այրական հագուստի մեջ նա ավելի էր գեղեցկացել, նրա դեմքի այլայլությունը վերագրեց նրա ամոթխածության, և այդ հանգամանքը ավելի ևս գրգռեց յուր հեշտասիրությունը։
— Ով Ալ–Ջեննաթի փերի, վերջապես դու ինձ մոտ ես, — բացականչեց նա հափշտակությամբ և այնինչ պադշոտ հայացքը այրիի աչքերին ուղած՝ տարածել էր թևերը նրան գրկելու համար, երիտասարդուհին արագությամբ բարձրացրեց դաշույնը, որ մերկացրած պահած էր կաճյայի տակ, ու ամենայն ումով խրեց բեկի կուրծքը։ Անակնկալ հարվածը իջավ ուղիղ սրտին: Կարծես ծերունու խոսքն էր, որ ներշնչաբար դաշույնը ուղղեց հարմար տեղի վրա։ Բեկը, որ ետ քաշվելու միջոց չունեցավ, հազիվ մի հառաչ արձակեց և ճարպոտ դեմքը ծամածռելով՝ գլորվեցավ հաստակի վրա։
Վարդենին, որ մինչ այդ արիությունը չէր կորցրել, դուրս քաշեց դաշույնը բեկի պարարտ կրծքից և դնելով այն պատյանի մեջ, մի վերջին, վրիժառու հայացք ձգեց մեռնողի վրա և արագ քայլերով դուրս գնաց այդտեղից։
Բակում նրան պատահեց սպասավորներից մինը, որը, սակայն, ուշադիր չեղավ իրեն։ Ուստի և այրին խույս տվավ անարգել։