Էջ:Muratsan, vol. 5.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց անծանոթ է սիրտը և ավելի ևս զգայուն հոգին, իրեր, որոնք մարդու ուղեղը բթացնում, աշխույժը մարում և հոգին նվաստացնում են... այդպիսին, հարկավ, կարոտելով կկարոտի այն ամենին, ինչ որ անարժեք է բնության զավակի համար՝ կկարոտի նրա դաշտին ու մարգին, նրա հովտին ու առվակին, նրա անտառի անուշ հովերին։

Մենք էլ, ահա, այդ կարոտյալներից էինք։ Ընկերս վերադարձել էր Մոսկվայից, իսկ ես Թիֆլիսից: Երկուսս այժմ միացած՝ գնում էինք բնության քաղցրություններից մեր կարոտն առնելու։

Պետրոս Մինարյանը (այս էր ուղեկցիս անունը) հայոց հոգևոր դպրոցի սան էր, տակավին երիտասարդ, միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ։ Բնավորությամբ բավական անհամբեր և դյուրագրգիռ էր, երբեմն նույնիսկ հանդուգն ու անքաղաքավար, բայց սրտով բարի և անկեղծ։ Ուներ տարօրինակ հայացքներ, որոնք յուր խոսակիցներին մերթ զայրույթ և հաճախ՝ զվարճություն էին պատճառում։ Սիրում էր խառնվել ուրիշների գործին, կամ հաճախ ինքնակոչ դատավոր հանդիսանալ։ Սիրում էր վիճաբանել, ազատ մտքեր հայտնել, բայց երբեմն ավելի հակառակելու, քան մի ճշմարտություն ասելու համար։ Այսուամենայնիվ, այս բոլոր տարօրինակությունների հետ միասին, ճանապարհի լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, կամարար և սակավապետ։

Բավական ժամեր էին անցել, ինչ ելել էինք քաղաքից, և թեպետ առավոտը զով էր ու հեշտալի, այսուամենայնիվ, քանի արևը բարձրանում էր, այնքան ավելի օդը ջերմանում և նեղացնում էր մեզ։ Միջօրեի մոտ մենք գտնվում էինք արդեն բաց դաշտի վրա։ Արևի ճառագայթները այրում էին. չկար ո՜չ հովի շունչ, ո՜չ ծառերի շքարան։ Այդ պատճառով աշխատում էինք ժամ առաջ հասնել գյուղը, որ գտնվում էր մեր հանդեպ եղող լեռան գեղադիր լանջի վրա։

Չնայելով, որ քաղաքից ելածներս միջոցին ընկերս պատմում էր թե՝ մի օր հիացմունքով էր մտածում այն Ժամի ու վայրկյանի մասին, երբ մայրաքաղաքից հեռացած՝ գտնվում կլիներ հայրենիքում, նրա ազատ օդի ու դաշտերի