Էջ:Muratsan, vol. 5.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ հաճույք, իսկ նեղությունը՝ դժգոհություն է պատճառում:

— Իսկ դրա օգո՞ւտը։

— Այն, որ մարդիկ ճանաչելով ինձ՝ զգաստ լինեն իմ վերաբերմամբ և զգուշությամբ վարվեն հետս։ Ինքդ էլ հո գիտես, որ աշխույժ ու չսանձահարվող ձիուն մոտենում են երկյուղով ու փաղաքշանքով և հազիվ, ուրեմն, կարողանում հեծնել. մինչդեռ համբերատար իշին ականջներից քաշելով՝ բարձում են միշտ որքան կամենում են, առանց նրա կամքն ու ցանկությունը հարցնելու։

Ես ծիծաղեցի։

— Դու այս կարծիքին չե՞ս,— հարցրեց ընկերս։

— Ո՛չ,— ասացի։

— Ինչո՞ւ։

— Որովհետև համբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, քան ինչ որ դու տալիս ես նրան։ Էշերի ու ձիաների ընկերության մեջ, հավանական է, որ համբերությունը համարվի անարգ ունակություն, բայց մարդկային հասարակության մեջ ճանաչվում է այն իբր առաքինություն։

— Միջնադարյան վարդապետների կարծիքով, — ընդհատեց Պետրոսը։

— Նույնիսկ դարավերջի փիլիսոփաների կարծիքով, — հարեցի ես։

— Պատճառը։

— Որովհետև համբերությունը բարիք է արտադրում, մինչդեռ անհամբերությունից միայն չարիք է առաջանում։

— Ինչպե՞ս։

— Աշխարհում համբերում են, առհասարակ, կամքի ուժ, հոգվո արիություն և սրտի կորով ունեցողները, հետևապես, մեծ գործերն էլ ստեղծում են դրանք։ Կարդա պատմությունը և կտեսնես, որ աշխարհի բոլոր նշանավոր գյուտերը, բոլոր մեծամեծ գործերը արդյունք են եղել դժվարատար նեղությանց ու հերոսական համբերությանը։ Անհամբերությունն, ընդհակառակը, նշան է թուլության և անզորության։ Ուստի երբեք չէ տեսնված, որ անհամբերին մեկը կարողանար