Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և թե՜ շրջակաների տեսարանը։ Եկեղեցին մի անպաճույճ շինություն էր՝ մամռապատ կտուրով և փայտե խարխուլ զանգակատնով։ Տեսնելու արժանի ոչինչ չուներ յուր շուրջը, բացի փոքրիկ բանջարանոցը, որ գտնվում էր եկեղեցու առաջ և ոռոգվում բավական հորդ առվակով։ Մեզ ուղեկցող հյուրընկալի ասելով այդ բանջարանոցը ծառայում էր տեղական քահանային և տալիս էր նրան ուտելու սոխ, կանաչեղեն, մի քանի տասնյակ վարունգ և ձմեռվա համար մի քանի հատ դդում։

— Այս ջրով կարելի էր դրախտ ստեղծել այստեղ, իսկ ձեր քահանան միայն սոխով ու վարունգո՞վ է բավականանում,— նկատեցի ես հյուրընկալիս։

— Էդ ջրով հրամանք ես, շատ բան կշինվեր ըստի, ամա ինչ արած, որ դերը (քահանան) էշխ (աշխույժ) չունի, — պատասխանեց գյուղացին։

— Դուք շինեցեք,— վրա ընկավ ընկերս։

— Մենք ի՞նչ շինենք։

— Ծառեր տնկեցեք, վազեր շարեցեք, զբոսնելու ճանապարհ բացեք, եկեղեցին հո դերին չէ՞:

— Դերինը չի, գիդամ, ժողովրդինն ա, ամա որ դերը չթողնի, մենք ի՞նչ կարանք անել։

— Ինչպես թե չթողնի, ի՞նչ իրավունք ունի արգիլելու, — բացականչեց Պետրոսը և տեսնելով, որ քահանան եկեղեցու կողմից իջնում է դեպի մեզ, ավելացրեց,— սա՞ է ձեր քահանան, թող մի գա այստեղ, տե՛ս ինչպե՞ս եմ հանդիմանում։

— Թո՛ղ, այ մարդ, ի՞նչ գործ ունիս, ի՞նչ հանդիմանության ժամանակ է. դեռ առաջ մի ծանոթացիր մարդուն,— նկատեցի ես։

— Ի՞նչ ծանոթություն, բան չունի՞ս,— պատասխանեց ընկերս և կռվելու պատրաստվող աքաղաղի նման հարձակողական դիրք բռնեց։

— Թող, քե մատաղ, խոսալ մի, դերն ինձանից կնեղանա,— խնդրեց հյուրընկալը։

Բայց Պետրոսն արդեն մի քայլ առաջացել էր դեպի քահանան, որը մոտենում էր։