Էջ:Muratsan, vol. 5.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն թե դու կարողանաս ինձ հետաքրքրող հարցերն առաջարկել այդ գյուղացուն: Ճիշտն ասած, ես շատ եմ ցանկանում իմանալ թե՝ ինչո՞ւ նա յուր հարևաններին այդպիսի հետադեմ խորհուրդներ է տալիս։ Ես շատ հայ գյուղերում եմ եղել և միշտ էլ զրույցներ ունեցել գյոլղացիների հետ, բայց ինձ երբեք չի պատահել հայ գեղջուկ, որ ուսման և կրթության դեմ խոսեր։ Ընդհակառակն, ամեն մինի փափագը եղել է այն, որ կարողանա ուսում տալ յուր որդուն։ Եվ այդ ես համարել եմ հայ գյուղացու բնավորության համակրելի գծերից մինը։ Այժմ ինձ թվում է թե՝ այդ Սարգիսը, որի մասին խոսում ենք, նախապաշարյալ ապուշին մեկն է լինելու։

— Դու դարձյալ շտապեցիր քո կարծիքը հայտնելու, առանց այդ մարդուն տեսած կամ լսած լինելու,— նկատեցի ես։

— Ով որ ընկերին խորհուրդ է տալիս թողնել որդուն անուսում, նրան կարելի է ապուշ անվանել, նույնիսկ առանց նրան տեսած կամ լսած լինելու։

— Բայց կարող է պատահել, որ այդպիսի խորհուրդ տալու համար մարդ ունենա մի բանավոր պատճառ։

— Բանավոր պատճա՞ ռ... խելագարվե՞լ ես, ի՞նչ է, մի՞թե կարելի է դրա համար բանավոր պատճառ ունենալ։

— Գուցե այդ Սարգիսն ունի։

— Անկարելի է։ Մի մարդ, որ պաշտպան է հանդիսանում տգիտության, նա չի կարող որևէ ուրիշ պատճառ ունենալ, բացի այն, որ կլինի ապուշ կամ խելագար։ Իսկ այդ Սարգիսը եթե ապուշ չէ, անշուշտ ա՛յն ցեցերից մինն է, որոնք այսպիսի անհայտ անկյուններում ապրելով՝ զվարճություն են համարում իրենց համար ժողովրդի միտքն ու հոգին թունավորելը։ Մի՞թե, արդարև, կարելի է ուսման ու գիտության դեմ խոսել. այդ միևնույն է, թե ասես՝ խավարն ավելի դյուրական է, քան լույսը։

— Երբեմն խավարը ոչ միայն դյուրական, այլև ավելի օգտավետ է լինում,— նկատեցի ես ժպտալով։

— Լռի՛ր, լռի՛ր, խելքդ ցնդել է. լավ է, որ ոչ ոք չէ