բացականչեց ընկերս և նստելով փոքրիկ կոճղի վրա, որ դրված էր սոսիներից մինի տակ իբրև նստարան, հանեց գլխարկը, ճակատի քրտինքը սրբելով, շարունակեց,— նստի՛ր, բարեկամ, և բացատրիր ինձ թե՝ ինչու «անտառի լավ տանձը արջն է ուտում»։
— Ո՞ր տանձի և ո՞ր արջի մասին Է խոսքը,— հարցրի ես՝ նստելով նույնպես կոճղի վրա։
— Ահա՛ այս սիրուն հովանոցի, որ արժանի էր գեղանի մի իշխանուհու սեփականությունը լինելու, բայց որ վիճակվել է մի ապուշ գյուղացու։
— Մի գեղանի իշխանուհո՞ւ... այո՛, իրավունք ունիս,— հարեցի ես ժպտալով,— և, անշուշտ, այնպիսի իշխանուհու, որ լիներ նորատի, քնքուշ և գեղահասակ, գրավիչ դեմքով, կախարդող աչքերով և միևնույն ժամանակ, անմեղ՝ ինչպես հովտի շուշանը և կյանքով լի՝ ինչպես գարնան առավոտը...
— Դրանք արդեն ավելորդ մանրամասնություններ են։
— Հոգ չէ, լսի՛ր: Եվ այդ գեղեցկուհին ապրում լիներ այստեղ՝ հոյակապ դղյակի մեջ՝ շրջապատված գեղանի նաժիշտներով։ Եվ մի գեղեցիկ օր, դու քո որսորդական հագուստներդ հագած, որսողի մախաղն ու հրացանը ուսիդ, որսկան շունը ետևիցդ ձգած՝ անսպաս կերպով հայտնվեիր այստեղ։
— Կատակդ թող:
— Եվ տեսնեիր, որ այս սոսիների հովանում, շքեղ գահավորակի վրա հանգստանում է դղյակի մանկամարդ տիրուհին, և Մորփեոսը իր քնաբեր թևերով նինջ է սփռել նրա գեղանի աչերին, իսկ լեռնից իջնող այս առվակը օրոր է երգում նրա ականջին...։ Դու, իհարկե, իսկույն հիացմունքից այլայլված, ետ կքաշվեիր այս բնի ետևը և գողունի հայացքով դիտելով գեղեցկուհուն՝ քեզ ու քեզ կասեիր «Օ՜, եթե ես իրավունք ունենայի չոքել սրա առաջ և աղոթել»... Եվ ապա մտածելով, որ դու այդ կարող ես անել, առանց գեղեցկուհուդ տեսնվելու և նրանից նախատվելու, կչոքեիր և կաղոթեիր... Քո այդ վարմունքը, իհարկե, կզարմացներ քո շանը և նա յուր այդ զգացմունքը արտահայտելու համար՝ կսկսեր հաչել։ Այդ անսպաս ձայնից կզարթներ գեղեցկուհին և տեսնելով քեզ յուր աոաջ ծնկաչոք, բարկացայտ ձայնով կբացականչեր,—