«Ո՞վ ես դու՝ հանդուգն արարած, որ համարձակվում ես խանգարել իմ մենավոր հանգստությունը»։ Եվ մի ակնթարթում դուրս կթափվեին դղյակից նաժիշտներն ու ծառաները և պարանով կապկպելով քեզ, կառաջնորդեին դեպի դղյակի զնդանը...
— Լավ, բավական է։
— Սպասիր, վերջացնեմ։ Հետո, մի սիրուն օր, գեղանի իշխանուհին յուր պարտիզում զբոսնելիս կլսեր, որ մինը երգում է յուր զնդանում մի շատ տխուր, բայց հրաշալի երգ։ Նա հանկարծ կմտաբերեր բանտարկյալ որսորդին, բերել կտար նրան յուր մոտ և մանրամասն հարցաքննելով՝ կիմանար, որ դու չոքել էիր իր առաջ ոչ թե իրեն անարգելու, այլ պաշտելու նպատակով։ Ապա քո արկածներով լի անցյալի պատմությունը լսելով՝ կգորովվեր քեզ վրա, կսիրահարվեր և հետդ ամուսնանալով՝ քեզ յուր սրտի և դղյակի իշխան կկարգեր։
— Ինչի՞ համար է այդ կատակը,— հարցրեց ընկերս, այս անգամ արդեն մի քիչ բարկանալով։
— Նրա համար, որ դու և քեզ հետ էլ շատերն այն երիտասարդներից, որոնք, իրենց ասելով, գիշեր ու ցերեկ ժողովրդի ցավերը դարմանելու վրա են մտածում, որոնց մշտական զրույցը գիտության վերջի խոսքի, բարձր գաղափարների և ազատ մտքերի համար է լինում, չեն կարողանում հանդուրժել, երբ տեսնում են, որ խեղճ արջին մեկը անտառում գտել է մի տանձ և ուտում է, չեն կարողանում ներել, որ այդ սիրուն սոսիները պատկանում լինին մի խեղճ գյուղացու և ոչ թե մի գեղանի իշխանուհու։ Կարծես, բավական չէ, որ այդ իշխանուհի կոչվածները և՛ գեղեցիկ են, և՛ հարուստ, և՛ բախտից գուրգուրված, դեռ նրանք պետք է տիրեն նաև երկրագնդի բոլոր գեղեցիկ անկյուններին։ Կա՞ արդյոք այդ խոսքի մեջ խելք, արդարություն, կամ ազատ մտածություն, որով սիրում եք դուք ամեն տեղ պարծենալ։
— Սպասի՛ր, բարեկամ, դու ասածս չհասկացար, ուստի և իմ վերաբերմամբ արած դիտողությունդ անտեղի է։ Ես, իհարկե, միշտ կցանկանամ, որ երկրագնդի վրա գտնված լավագույն անկյունները, պարարտ հողերը, պտղաբեր հովիտները և այլն, պատկանեն միայն խեղճերին, ճակատի քրտինքով