Էջ:Muratsan, vol. 5.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշաններ, այն է՝ զանազան քանդակներ, որոնք ներկայացնում էին կենդանիներ, բույսեր և այլ նկարներ: Բակի, գոմի և հորթանոցի ընդարձակությունը ցույց էր տալիս, որ այդ տունն ունեցել է մի օր բազմաթիվ անասուններ: Իսկ թոնդրատան՝ տնից հեռու գտնվելը, արդեն ապացույց էր, որ Վեդունք շեն օջախ լինելով՝ միշտ ունեցել են հյուրեր, որոնց ծխից ազատ պահելու համար թոնիրը ոչ թե ուրիշների պես տան սրահում, այլ բակի մի անկյունումն են զետեղել։ Չնայելով այս բոլորին, այսուամենայնիվ, երևում էր՝ ոչ միայն նախկին կյանքը չէր եռում այդ տան մեջ, այլև մի ավերիչ ձեռք ծանրացել է նրա վրա։ Որովհետև տան կտուրը մի կողմից արդեն ծռվել էր, իսկ բաշերի հողը մի քանի տեղ թափվել։ Երկու սենյակների պատուհանները մեծ մասամբ ապակիներից զուրկ՝ ծածկված էին ձեթած թղթով, գոմի դուռը կրնկահան եղած՝ ընկած էր պատի տակ, իսկ հորթանոցը, մինչև անգամ, զուրկ էր այդ բանից։

— Այստեղ մարդ չէ երևում, վերադառնանք, — ասացի ընկերոջս։

— Չէ, թող մի անգամ էլ հնչակը քաշենք, գուցե մեկը երևա,— պատասխանեց նա։

— Հնչակը ո՞րն է,— հարցրի ես զարմանալով։

— Գյուղացու հնչակը, չգիտե՞ս, սա է, ա՞յ, տես՝ ինչպես լավ է հնչում։— Այս ասելով նա գետնից մի քար վերցրեց և նետեց սայլի տակ պառկած շան վրա։ Վերջինս վեր կացավ տեղից և այս անգամ սկսավ հաչել ավելի աշխույժով։ Մի քանի րոպեից, արդարև, օդայի դուռը բացվեցավ և այդտեղից դուրս եկավ աղքատ հագնված մի պառավ, որը հուշիկ հառաջանալով, մոտեցավ ու կանգնեց սրահի սյուների մեջտեղը։ Սա մոտ վաթսուն տարեկան կին էր, միջահասակ ու վտիտ մարմնով, խորշոմած երեսով, կկոցված աչքերով՝ բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ։

Տեսնելով մեզ բակում, նա ձախ ձեռքո՜վ հովանի արավ աչքերին՝ կարծես, աշխատելով ճանաչել մեզ և ապա հարցրեց.

— Ո՞ւմ եք ուզում: