Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին վայրենի ստրկական բնազդը և թե՛ գռեհիկ նախանձը, որը թույլ չէր տալիս նրան ծագումով իրեն հավասար գավառացուն տեսնել իշխանական կալվածքի տեր։ Այս տեսակետով էլ ես բացատրում եմ քո արտահայտած ցանկության միտքը։

Պետրոսը լուռ էր և չէր պատասխանում։ Նա, երևի, որոճում էր իմ ասածները՝ նրանց մեջ հերքելի կետեր գտնելու համար։ Բայց երբ ես հարցրի՝ համաձա՞յն ես ինձ հետ, թե՞ ոչ, նա պատասխանեց.

— Քո ենթադրությունները վիճելի կետեր շատ ունին, բայց որպեսզի մեր խոսքը չերկարի, ես առարկություն չեմ անում, այդ մասին կխոսենք ուրիշ ժամանակ։ Այժմ դեռ այցելենք սոսիների տիրոջը։

Այս ասելով՝ նա վեր կացավ տեղից: Ես ևս հետևեցի նրան։

Դ

Վեդունց բակը մտնելով՝ մենք ոչ ոքի չպատահեցանք։ Այդտեղ լռություն էր տիրում։ Եթե գոմի դռան մոտ կապած ուլը չլիներ, որը թե՛ առջևի թափած խոտը ուտում և թե՛ մեզ էր նայում, այլև պառավ, ուժազուրկ շունը, որ սրահի շքարանից ելնելով՝ մի երկու բերան ծուլաբար հաչեց և ապա նորեն բակի մեջ ընկած հին սայլի տակը մտավ, մենք կկարծեինք, թե այս տան մեջ կենդանի շունչ չկա։ Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այդ հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն էին բռնում, տունն էլ, ըստինքյան, գրավում էր ընդարձակ տեղ և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով։ Նա բաղկացած էր մի մեծ, բարձրաշեն օդայից և երկու ուրիշ, նույնպես բարձրադիր սենյակներից։ Նրանց մեջտեղում գտնվում էր ընդարձակ, սյունազարդ սրահ։ Վերջինի սյուները տաշված էին կաղնու հաստ գերաններից և ունեին, մինչև անգամ, խոյակներ, որոնք թեպետ ծխից ու հնությունից սևացած, այսուամենայնիվ, իրենց վրա կրում էին հյուսնի ձեռքերի ճարտարության