Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա, քե մատաղ, ո՞նց ա, սաղ, սալամա՞թ ա։

— Տեսել եմ, նա′նի, շատ առողջ է, միամիտ եղիր,— ապահովացրի պառավին։

— Մատաղ ըլեմ քու աչքերին, էս ա՝ հինգ տարի ա, երեսը տեսել չեմ... քոռանա ինձ նման մերը,— ասաց պառավն ու լացակումեց։

— Ինչո՞ւ չես տեսել, այստեղ չի՞ գալիս,— հարցրեց Պետրոսը։

— Չէ, քե մատաղ, գալիս չի։ Ասում ա՝ գամ գեղումն ի՞նչ շինեմ: Ասում եմ, որդի, ե′կ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ. եկ, որ ամեն օր էրեսդ տեսնեմ, բոյիդ բուսաթիդ յաշեմ... Ախր աչքումս մազ ա կանաչել, որ քե էդ օրին եմ հասցրել... Ասում ա, նա′նի, ասիլ մի, էդ ըլելու բան չի...

Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի խորշոմած դեմքի վրա։ Նա գլխափաթաթի ծայրով աչքերը սրբեց։

— Ինչո՞ւ ես լաց լինում, նա′նի, որդիդ, փառք աստծո, ողջ առողջ է, գործն էլ հաջողակ, քո ուզածն էլ այդ պիտի լինի,— սիրտ տվի ես պառավին։

— Հա, քե մատաղ, բա ի՞նչ ա. որտեղ ըլում ա ըլի թաքի (միայն թե) սաղ ըլի... Ի՞նչ անեմ, թե ես ըստի իրա կարոտը քաշում եմ...— պատասխանեց պառավը, աշխատելով յուր վիշտը ծածկել։ Բայց մի փոքր հետո ավելացրեց.— Շատ վախտ ա՝ գիր չենք ստացել, աստված պահի քե, որ իմ Վանուցը խեր խաբար (բարի լուր) բերիր...— Ապա տեսնելով, որ ընկերս շարժվում է դեպի առաջ, ասաց,— կուզե՞ք, ըստի էյվանումը նստեցեք, ես գնամ մեր հալևորին կանչեմ։

— Չէ, նանի, մի′ նեղանար, մենք ինքներս կերթանք, ձեր բախչեն էլ կտեսնենք,— ասացի ես և ողջունելով պառավին, առաջ անցա Պետրոսի հետ։

— Այս ի՞նչ հանելուկ է,— հարցրեց վերջինս, երբ մենք հեռացանք։— Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ է տալիս անուսում թողնել իր չորս որդիներին, մինչդեռ ինքն յուր որդուն բարձր կրթություն է տվել և փաստաբան շինել։

— Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր էլ համբերենք՝ ծերունուն լսենք,— պատասխանեցի ես։