Էջ:Muratsan, vol. 5.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետրոսը ոչինչ չխոսաց, և մենք միասին պարտեզ մտանք։

Դա մի ընդարձակ տարածություն էր, որի մեծ մասը ծածկում էին մի քանի շարք պտղատու ծառեր, այն է՝ խնձորենիներ, տանձենիներ, սալորենիներ և սերկևիլներ, ամենքն էլ, գրեթե, պտուղներով ծանրաբեռնված։

Պարտեզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով կապած՝ փորում էր կիսաչոր մի դեղձենու շուրջը։

—Անշուշտ սա՛ է Վեդունց Սարգիսը,— ասացի ես Պետրոսին և նրա հետ միասին առաջացա դեպի նրան։

Սա հաղթանդամ, բարձրահասակ, բայց մի փոքր կորաքամակ ծերունի էր, մոտավորապես յոթանասուն տարեկան։ Թաշկինակով կապած գլխի շուրջը մազ չէր երևում, բայց ընչացքն ու կարճ մորուքը բոլորովին ճերմակ էին։ Նրա դեմքի արտահայտությունը խիստ էր, բայց ոչ չար, իսկ աչքերը, թեպետ ծածկված թավամազ հոնքերով, սակայն ցոլացնում էին խելք և բարություն։ Նա հագած էր կոշտ կտավե շապիկ՝ կապույտ նաշուղի օձիքով, իսկ դրա վրայից՝ սև ղադաքի, մի հնամաշ արխալուղ: Վարտիքը, որ կարած էր գյուղում գործված բրդե շալից, ուներ նույնպես մի քանի կարկատան և սրունքների մոտ սեղմված էր սև տոլաղներով: Ոտքերին ամրացրած էին հասարակ կաշվի տրեխներ, իսկ մեջքը սեղմած սև կտավի մի գոտիով։

Նշմարելով մեզ մի քանի քայլ հեռավորության վրա, նա իսկույն գործելուց դադարեց և բահը դեղձենու բնին հենելով առաջացավ դեպի մեզ։

— Բարի աջողում, Սարգիս ապեր,— ասացի ես առաջին անգամ և մոտենալով, ձեռքս պարզեցի դեպի ծերունին։

— Ա՛յ, աստծո բարին․ բարով եք եկել,— պատասխանեց նա ժպտալով և յուր կոշտ աջով մեր ձեռքը թոթվելուց հետո շարունակեց,— հավատաս (երևի), դուք եք Սհարանց Մուքու ղոնաղները։

Ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ մի օր առաջ հյուրեր են եկել Սհարենց Մուքու տունը, և մեզ, ահա այդ անունով էր ընդունում ծերունին։

— Այո՛ , Սարգիս ապեր, մենք ենք։