Էջ:Muratsan, vol. 5.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտիկ տաս, յա չէ սարինն (զովը) ընկած վախտը ընտի մի ստաքան չայ խմես, հենց կիմանաս, թե դրախտումն ես։

— Եվ, իրավ,լավ է ասել, մեզ էլ հենց այսօր ձեր չինարիքն են բերել այստեղ։ Ափսոս չէ՞, որ այդ գեղեցիկ ծառերի առաջ դուք երկհարկանի մի տուն չունիք,— հարեցի ես։

Ծերունին նայեց ինձ վրա քննական հայացքով, կարծես ստուգելու համար թե՝ արդյոք յուր սիրտը ցավեցնելու համա՞ր ասացի այս խոսքերը։ Բայց ես, իհարկե, ասել էի միամտաբար, առանց իմ խոսքերին մի առանձին նշանակություն տալու։ Սակայն հետո իմացա, որ դրանք ծերունու սիրտը խոցած պիտի լինեին։

— Լավ ես ասում, որդի, լավ կըլեր, որ շինի, ամա ի՞նչ անես, որ...

— Հա′, ինչո՞ւ չշինեցիր։

Ծերունին փոխանակ պատասխանելու, նայեց յուր շուրջը, ապա դառնալով մեզ՝ ասաց.

— Էս խի՞ ենք ըստի կաղնել, գնանք էյվանումը թախտի վրեն նստենք, եդո կխոսանք։ Կբաշխեք, մարդ որ ծերանում ա, մարիֆաթով (քաղաքավարությամբ) ժաժ գալն էլ ա մոռանում... գնանք, ըսենց կաղնած կնեղանաք։

— Չէ, Սարգիս ապեր, այստեղ ավելի լավ է, ա′յ, այս սիրուն ծառի տակը կնստենք,— ասացի ես։

— Լավ, որ ըտենց ա, թող մի խալի′չա բերեն... Ախջի, հե՜յ, ա′ Սավգյուլ, մի խալի′չա ղրկի ըստեղ,— ձայն տվավ ծերունին դեպի տան կողմը։

Մի քանի րոպեից հետո, մի փոքրիկ, աղքատ հագնված աղջիկ, մի հին գորգ քաշ տալով բերավ փռեց ծերունու ցույց տված տեղը։ Վերջինի հրավերով մենք նստանք գորգի վրա։

— Հա, ասում ես թե՝ խի՞ չշինեցիր,— շարունակեց ծերունին ընդհատված խոսակցությունը,— լավ ես ասում, որդի, որ շինած ըլեի, հմի էս ա որ եկել եք, կտանի ու կնստեցնի ձեզ էն հովահար թախտապանդումը ու մի թիքա հաց կդնի առաջներիդ... ամա դե կարացի ոչ...

— Երևի փող չունեիք,— հարցրեց Պետրոսը։

— Փո՞ղ... ընչի չունեի, փող էնքան ունեի, որ մի ատաժ չէ, երկուսն էլ կշինեի։