Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այս խոսքերով ծերունին գլխի թաշկինակը հանեց և կոշտ ձեռքով ճաղատ գլուխը շոյելով ու զովացնելով՝ շարունակեց․

— Գիտո՞ւմ եք, ի՞նչ կա։ Աշխարհումս առանց աստծու բան չի ըլում, ըսկի տերևն էլ ծառիցը տափը չի ընկնում։ Հալբաթ էս էլ աստծու կամքն էր, որ ըսենց ըլավ։

Ծերունին դարձյալ լռեց, ապա նորեն գլխի թաշկինակը կապելով շարունակեց։

— Ինչ որ պտի պատմեմ, հնուց բան ա, կըլի որ քսանհինգ տարի ըլի, յա չէ էրսուն. էն չախը ես հլա բաբաթ (բավական) ջահել ի։ Մի օր Օսեփ վարդապետը եկավ մեր տուն։ Օսեփ վարդապետի անումը լսած կա՞ք,— հարցրեց ծերունին։

— Ոչ,— պատասխանեցի ես։

— Հա, լսած չեք ըլի, դուք ջահել եք։ Նրա մեռնիլը, հավատաս, տասը յա տասներկու տարի ըլի։ Աստոծ հոգին լուսավորի. արդար մարդ էր, ասիլ (ազնիվ) հոգևորական։ Վանքի վանահայրն էր. շուտ-շուտ կգար մեր տուն. կնստինք էս ծառերի շուքումը, զրից կանինք։ Օղորմած հոգի քու հերն էլ շատ կսիրեր նրան։ Էն ա մի օր եկավ տեսավ, որ գերաններ եմ բերել տվել, որ տախտակ քաշել տամ. գեղականի հետ էլ խոսում եմ, որ քար ու կիր բերի։ — Ա՛ Սարգիս, ասեց, էդ ընչի՞ համար ես թադարիք (պատրաստություն) տեսնում։ — Հայր սուրբ, ասեցի, ծառա եմ քե, ուզում եմ տանս գլուխը շինել տալ։ Մեր աղա Ասատուրն էլ ա խորհուրդ տալի։ Ես էլ տեսնում եմ, որ լավ կըլի։ Ափսոս ա, որ էս լաչին (գեղուղեշ) չնարուցը առաջին երկու ատաժանի մի տուն չբլի որ եկող գնացողը նրա հովհար թախտապանդումը նստի, մի սհաթ էլ ա քեֆ քաշի։ Էս խոսքի միջումը մեր Վանին հորթի եդից վազելով՝ եկավ, որ մեր մոտիցը անց կենա՝ թե ինչ ա, հորթի առաջը կտրի, բռնի ու վրեն նստի։ Էն չախը նա հլա տասը տարեկան էր։ Էն ա հայր սուրբը րեխի ձեռքը բռնեց ու ասեց.— ա Սարգիս, գիտա՜ս ի՞նչ կա. տանդ գլուխը մի շինիլ. ա՛յ, սրա գլուխը շինիր։ Էն փողը, որ խարջելու ես, թե ինչ ա՝ տանդ վրան մի ատամ ավելացնես, լավն էն ա, որ խարջես ու էս րեխի գլխումը ուսում ու գիտություն մտցնես։ — Ասեցի՝ հայր սուրբ, րեխին հո անուսում չեմ թողնիլ. մի քիչ վախտից