Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ա տնկելու, նոր ղայդի (տեսակի) շաղաց էլ ա շինելու, եզներդ ու ձիանըդ էլ ա շատացնելու։ Ուսում առած տղան որ կա, Նոյի աղավնին ա, որ ձիթենու շիվը բերանումն եդ ա գալիս ու բախտավորութենի խաբարը բերում ծնողին։ Ի՞նչ երկարացնեմ, հայր սուրբի խոսքերը սիրտ տվին ինձ, ես էլ կցեցի առաջ ձիաներիցս, վերջը եզներիցս մի-մի ծախել ու փող ղրկել Վանին։ Էն ա վերջին տարին էր. ամառը Վանին ամեն բան պտի վերջացներ ու եդ գար գեղը։ Խոսք չկա, որ ես էլ օրեր եմ հմբարում (համարում) թե՝ եփ ա րեխեն եդ գալու, որ համ էս դժար հոգսիցը մեզ ազատի, համ էլ իրեն տենանք ու կարոտնիս առնենք։

Մին էլ էս ա մին գիր եմ ստանում թե՝ ա հեր, հուսումս վերջացրել պրծել եմ, ամա ըստեղ պարտք ունիմ, բաց չեն թողնում ինձ. որդիան որ ա, մին երկու հարյուր մանեթ հասցրու, որ էս պարտքը թափեմ ու գամ։ Ղորթ ա, պարտքի անումը որ լսեցի սիրտս շատ կոտրվեց, ամա դե ասեցի «դյուշան աղլամազ» (ընկնողը լաց չի լինիլ), թող էս մինն էլ յոլա տանենք։ Գնացի խոջա Մարութից էրկու հարիր մանեթ պարտք արի, թումանին մի աբասի շահով (24%) ու մին ամիս ժամանակով։ Էդ փողն էլ ղրկեցի Վանուն։ Մտքումս էլ ասըմ ի թե, էս ա րեխես կգա, համ էս պարտքը կտա, համ էլ իրա ծռացրած բաները կդրստի: Հենց դիտում ի թե՝ Վանին որ իրա հուսումովը գեղ մտնի, էն ա փողը երկնքիցը վեր ա թափվիլու։

Անց կացավ մին ամիս, էրկու ամիս, Վանուցը խաբար չկա։ Մեծ փքրի մեջ ընկա։ Յա՜րաբ էս ի՞նչ էլավ. Վանին ո՞րդի մնաց. չըլի մի քամբախտութին պատահեց. յա չէ Պետրպոլկումը բռնեցին րեխիս, չուն, ըսենց բաներ շատ ի լսեր: Մի խոսքով՝ սիրտս ճաքում էր։

Մին էլ էս ա մի օր Վանիցը գիր եմ ստանում, գրում ա թե՝ ա՛ հեր, աչքդ լիս ըլի, էկել եմ Թիֆլիս ու մի սիրուն աղջկա հետ պսակվում եմ, հալի հալբաթ (անպատճառ) քու ու նանի օրհնությունը ղուշի թևովը հասցրու ինձ։

Ոնց որ մարդու գլխին մի թոփ տրաքի, ընենց էս խաբարը տրաքեց իմ գլխին ու ինձ շշմեցրեց։ Սազ մին քանի օր ես, կնիկս ջլիզ պելացել, ընկել ինք ըստեղերք, ոչ արածներս ինք