Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ե՞րբ պիտի սկսեմ կարդալ, կամ ե՞րբ պիտի ասեմ — ահա, պարոան, ձեր նամակը։

Իսկ ես դիտմամբ ծանր եմ շարժվում. և, միևնույն ժամանակ, նկատում եմ թե՝ ինչպես է անհանգստանում երիտասարդը, թեպետ արտաքուստ աշխատում է հանգիստ երեվալ:

Ես մեկ֊մեկ նայում եմ նամակները և հասցեները ինքս ինձ կարդում։ Այդ պարապմունքը տևում է մի քանի վայրկյան: Երիտասարդի նամակը դեռ չկա: Նայում եմ նրա դեմքին և արտասանում մի բառ — «Կարծեմ...»։

— Ի՞նչ, կարծում եք որ չունի՞մ,— հարցնում է նա շտապով։

— Այո,— պատասխանում եմ անփութությամբ։

— Լավ նայեցեք, խնդրում եմ,— ասում է նա, ե, միևնույն ժամանակ, աղաչավոր հայացք ձգում վրաս։

— Տեսնեմ... չեմ հիշում... գուցե...։ Սրանք, իհարկե, անմիտ բառեր են զորս ես արտասանում եմ երիտասարդի համբերությունը փորձելու և ինք ինձ զվարճանալու համար։

Բայց, միևնույն ժամանակ տեսնում եմ թե՝ ինչպես է խեղճը անհանգստանում այս տարակուսական բառերը լսելուց. ինչպես նրա դեմքի արտահայտությունը փոխվում է և այդ սպասողական վայրկյանները մի-մի ժամի չափ երկարում են նրա համար։

— Ահա, հրամայեցեք.— վերջապես հանում եմ նամակը տալիս նրան։

— Ահ, շնորհակալ եմ,— բացականչում է նա արագ և կիսաձայն և ապա նամակը, գրեթե, հափշտակելով՝ հեռանում ինձանից։

Ես նայում եմ նրա ետևից և ինքս ինձ ծիծաղում։ Սակայն, ճիշտն ասած, իմ այդ ծիծաղի մեջ խոսում է ոչ թե չարախնդությունը, այլ մի քնքուշ բարյացակամություն, որ ես տածում եմ դեպի երիտասարդը, ցանկանալով, իհարկե, որ այդ նամակը ուրախություն բերե նրան։

Բայց ահա ներս է մտնում մի նորատի գեղեցկուհի, մոտենում է ինձ զգույշ քայլերով և հարցնում է դարձյալ կիսաձայն.