Էջ:Muratsan, vol. 5.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աշխարհը և հաճախ հասու լինել այնպիսի ճշմարտությանց, զորս սիրտն, առհասարակ, ճգնում է ծածկել, անգիտանալով սակայն՝ թե հենց ծածկելու համար գործ դրված աշխատությունն է, որ հայտնում է ամեն բան։

Եվ այդպիսի մեկը լինելու համար՝ հարկավոր չէ, իմ կարծիքով, մեծ առավելություններ ունենալ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի այն հոգին ու զգացմունքներն, ինչ որ ունին ուրիշները։ Բավական է միացնել դրան ինքն իրեն քննելու և յուր շրջապատողներին ուշադրությամբ դիտելու սովորությունը։ Այնուհետև մարդ կդառնա արդեն հոգեբան։ Իհարկե, չի լինիլ այնպիսին, որ աշխարհը զարմացնե յուր հմտությամբ, բայց, գոնե, կնմանվի հին նամակաբաշխին, որ «ցպահանջ» նամակներն իրանց տերերի ձեռքը տալու ժամանակ՝ զվարճանում էր նրանց դեմքերն ու հայացքները դիտելով։

Ով քաղցր անցյալ, որին սիրով ենք հիշում միշտ, որքան էլ ներկան լավագույն լինի նրանից,— բացականչեց տեսուչը հառաչելով և վառեց ծխափողը, որ հանգել էր արդեն։

— Եվ այսպես, սիրելի բարեկամներս,— շարունակեց նա ծխելով,— ինձ սկսան հետաքրքել «ցպահանջ» մակագրությամբ նամակ ստացողները։ Դրանք մեծ մասամբ լինում էին երիտասարդներ, կամ երիտասարդուհիներ, նորատի կանայք, հաճախ, նաև, սևեր հագած գեղեցիկ այրիներ...։ Դրանք գալիս էին ինձ մոտ, գլխավորապես, այն ժամերին, երբ ցրիչները հեռացած էին լինում փոստատնից։ Այդ ժամերին, նաև, քիչ էին լինում հաճախորդները։

Մեկ էլ տեսնում ես, ահա, դուռը բացվեցավ։ Մի երիտասարդ ներս գալով՝ շտապ քայլերով մոտենում է ինձ։

— Վասիլ Իվանիչ, ես նամակ չունի՞մ,— հարցնում է նա կամացուկ, բայց տենդային արագությամբ։

— Դո՞ւք։ Ձեր հասցեն՝ կարծեմ...

— «Ա.Դ. ցպահանջ»,— ասում է նա իսկույն, բայց դարձյալ կամացուկ։

Ես մոտենում եմ պահարանի այն դարակին, ուր «ցպահանջ» նամակներն են դրված և նկատում եմ թե՝ ինչպես երիտասարդի հայացքը հետևում է իմ շարժմանը։ Եվ երբ հանում եմ նամակների կույտը, նա շունչը բռնած սպասում է թե՝