Էջ:Muratsan, vol. 5.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկած է փայլուն ցիլինդր և ձեռքին բռնած փղոսկրազարդ ձեռնափայտ։ Արդեն քայլվածքից ու հանդուգն նայվածքից երեվում է, որ փորձառու մի Դոն–Ժուան է, որ եկել է ստանալու, ո՞վ գիտե, յուր քանիերորդ սիրուհու ծածկագիրը։

Ես, այսուամենայնիվ, չեմ նայում նրա վրա և զբաղված եմ գործով։

— Վասիլ Իվանիչ, ներեցեք, ես շտապում եմ,— ասում է նա մոտենալով և ձեռնափայտով յուր ձեռքը ծեծելով, որով ուզում է հասկացնել թե՝ սպասել չէ կարող։

— Իսկույն,— ասում եմ, բայց էլի ուշացնում: Երևում է, որ պարոնը դժվարություն է կրում համբերելու։ Եվ այդ՝ ոչ թե նրա համար, որ մի վայրկյան առաջ է կամենում սիրած անձի ձեռագիրը կարդալ, այլ նրա համար, որ վախենում է թե մի գուցե իմ դանդաղելով ժամադրության ժամն անցնի։

Ես մոտենում եմ դարակին, հանում եմ պարոնին հասանելի նամակը և դիտմամբ բարձրաձայն հարցնում։

1350՞:

— Տվեք,— ասում է նա, առանց իմ հարցին ուղղակի պատասխանելու։

Եվ ծրարն ստանալով՝ նա հեռանում է մի քանի քայլ, բաց է անում նամակը և հենց միևնույն տեղն էլ կարդում։

Այժմ ես գործս թողած դիտում եմ նրա դեմքը, որը սկզբում դեռ լուրջ է. բայց հետո, քանի ընթերցումը առաջ է տանում, սկսում է պայծառանալ, վերջապես նա ժպտում է։ Իսկ այդ ժպի՞տը...Օ, եթե տեսնեիք, իսկույն կասեիք, որ ձեր առաջ կանգնողը մի լովելաս է։ Այդ ժպտի մեջ չկա այն անմեղ ու հափշտակվող ուրախությունը, որն ես հաճախ նշմարում եմ նման նամակներ ստացող երիտասարդ դեմքերի վրա։ Այդ ժպիտը ծաղրի ու չարախնդության մի զանգված է։ Նրա մեջ, կարծես, կարդում ես այս խոսքերը.— «Կգաս, սիրելիս, կգաս, դու առաջինը չես, վերջինն էլ չես լինելու...»։ Եվ նա նամակն անփութությամբ ճխլտելով՝ դնում է վարտիքի գրպանում և դուրս գնում։ Հարկավ, նա դիմում է ժամադրության տեղը, «Կահավորյալ համարների» մի թաքուն սենյակ, կամ միջնորդ կանանց «Ապաստանարանը», ուր վաղուց սպասում է նրան մի նորատի խնամքով հագնված, անուշ հոտերով