Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրսկված և հաստ քողով երեսը ծածկած տիկին... Ո՞վ է դա, իհարկե, չգիտենք։ Այսքանը կարող ենք գուշակել, որ պատվավոր ընտանիքներից մինի անդամն է, որին գրավել է ԴոնԺուանը՝ յուր «բարեկամական» այցելությանց միջոցին, «ասպետական ազնվության» և «պատշաճից օրենքների» մասին ճառեր խոսելու ժամանակ...։

Մեր այս խորհրդավոր այցելուների մեջ լինում են հաճախ այնպիսիները, որոնք խուսափում են նամակաբաշխի քննող հայացքներից, կամ նրա խորամանկ ու անտեղի ժպիտներից. այդ պատճառով իրենց նամակներն ստանում են, կամ հասցնում մի անշունչ ու անխոս, բայց ավելի հավատարիմ միջնորդի ձեռքով. այն է՝ փոստատան «բաժանորդական» պահարանի։

Դա մի փայտյա հյուսվածք է, որ պարունակում է յուր մեջ հարյուր, կամ ավելի ապակեծածկ արկղիկներ, առանձին-առանձին համարներով։ Դրանք բացվում կամ փակվում են պահարանի այն կողմից, որը նայում է հաճախորդների համար հատկացրած սենյակին։ Փոստի հետ հաճախ հարաբերություն ունեցողը, որոշ վճարով, վերցնում է յուր համար այդ արկղիկներից մինը, որի մեջ և նամակաբաշխը, ետևի կողմից, ձգում է կանխավ բաժանորդին հասանելի նամակները։ Վերջինս անձամբ գալիս ու բանում է յուր արկղը, որի համարն է, օրինակ, 10 կամ 20 և վերցնում յուր նամակները։

Եվ ահա, այն բաժանորդները, որոնք ունին խորհրդավոր կապեր, սեփական արկղի բանալիի մի օրինակը հանձնում են իրենց, ասենք թե՝ սիրուհուն։ Վերջինս գալիս, բանում է արկղը և դնում նրա մեջ այն գիրը, որ կցանկանար հասցնել հոմանիին, կամ վերցնում այնտեղից այն, ինչ որ սիրեցյալը թողել է յուր համար։

Այսպիսով անշունչ արկղը կատարում է հավատարիմ թղթատարի պաշտոնը և սիրահարները օգտվելով նրա ծառայությունից՝ թե՛ ժամադրություններ են նշանակում և թե՜ մտքեր փոխանակում:

Եվ որովհետև այդ խորհրդավոր պահարանը գտնվում էր իմ հանդեպ, ուստի իմ քննական հայացքները թափառում էին, նաև, նրա շուրջը։ Մեկ էլ տեսնում ես ներս է մտնում մի տիկին